ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է Չեխիայում Բրիտանական ռազմական ուսումնախորհրդատվական խմբի վարժական կենտրոն

Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 25-ից 26-ը աշխատանքային այցով եղել է Չեխիայի Վիշկով քաղաքում Բրիտանական ռազմական ուսումնախորհրդատվական խմբի վարժական կենտրոնում:

Պատվիրակության կազմում են եղել ՊՆ պաշտպանական քաղաքականության և ԶՈւ մարտական պատրաստության վարչության պետերը, ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատարը, կադրերի և ռազմական կրթության ու պաշտպանական քաղաքականության վարչության ներկայացուցիչներ:

Կենտրոնը ստեղծվել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության կողմից, որտեղ բրիտանացի հրահանգիչների կողմից տարեկան մեկ տասնյակից ավելի դասնթացներ են անցկացվում տարածաշրջանի երկրների զինծառայողների համար:

Կենտրոնում անցկացվող կրտսեր հրամանատարների, հրահանգիչների, կրակային պատրաստության, խաղաղապահ գործողությունների դասընթացներին հայ զինծառայողները մասնակցում են 2002 թվականից: Կենտրոնում ուսանած մոտ 170 հայ սերժանտներ և սպաներ ներկայումս ծառայում են ՀՀ ԶՈւ տարբեր ստորաբաժանումներում, հիմնականում` խաղաղապահ բրիգադում:

Այցելության ընթացքում քննարկվել են Բրիտանական ռազմական ուսումնախորհրդատվական խմբի հետ հետագա համագործակցության ծրագրերը: Ձեռք բերված պայմանավորվածությունների թվում են կենտրոնում հայ զինծառայողներին հատկացվող տեղերի քանակի ավելացումը, կենտրոնի հրահանգիչների կողմից Հայաստանում վարժանքների կազմակերպումը, ուսումնական ծրագրերի մշակման և հայկական զինուժում կիրառման հնարավորություններին առնչվող խնդիրներ և այլ հարցեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *