Փորձագետները խոսել են Սեյրան Օհանյանի՝ ԱՄՆ կատարած այցից. օրվա ամփոփում

Ռազմական փորձագետներն անդրադարձել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ ԱՄՆ կատարծ այցելությանը, իսկ նախարարն ԱՄն-ում հանդիպել է Կանզասի նահանգապետի հետ: Արտակ Նազարյանի մահվան գործով դատական նիստի վկաներից մեկը հրաժարվել է «իր»  նախաքննական ցուցմունքից: Այսօր ԱԺ-ն ընդունել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը:

Փորձագետներն անդրադարձել են Սեյրան Օհանյանի՝ ԱՄՆ կատարած այցելության անհրաժեշտությանը՝

  1. «Եթե Հայաստանն ԱՄՆ-ի հետ բավականին լայն շրջանակի ռազմական համագործակցություն է ծավալում և համապատասխան օղակների հետ ոչ այնքան հաճախակի հանդիպումներ ունենում՝ նշանակում է մինչև յուրաքանչյուր հաջորդ հանդիպում հստակեցման կարիք ունեցող հարցերի մեծ բազա է կուտակվում»,-  ասել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
  2. «Օհանյանի այցը ԱՄՆ ցույց է տալիս, որ Հայաստանին ուղղված ՌԴ պարտադրանքները՝ անդամակցել զանազան ռուսական նախագծերի՝ Եվրասիական միություն և այլն, այնքան էլ հայաստանյան իշխանությունների սրտով չեն: Եվ սա բնական է, քանի որ ստեղծված իրավիճակն ուղղակիորեն վտանգում է ՀՀ պետականության ապագան»,- ասել է «Քաղաքական ու միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
  3. «Եթե հայաստանյան և ամերիկյան ռազմական գերատեսչությունների միջև հանդիպումներ են կայանում, նշանակում է՝ որոշակի խնդիրներ կան, և չի բացառվում, որ ՀՀ և ԱՄՆ պաշտպանության նախարարները այս օրերին կայանալիք հանդիպմանն առաջ քաշեն տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր»,- իր տեսակետն է հայտնել ՌԱՀՀԿ փորձագետ Սարո Սարոյանը:
  • ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանն ԱՄՆ Կանզաս նահանգում հանդիպել է նահանգապետի հետ, ծանոթացել ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարաշտաբային քոլեջի ուսումնակրթական գործընթացին, ինչպես նաեւ հեռարշավային դաշտային բուժապահովման կարողություններին:
  • ՀՀ ՊՆ-ն ընթացք կտա «ինքնասպանության փորձ» կատարած 19-ամյա զինծառայող Հրաչիկ Խլղաթյանի մոր` Արմինե Խլղաթյանի կողմից պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ուղարկված դիմում-նամակին, որով մայրը գումարային աջակցություն է խնդրում՝ զինծառայության ընթացքում առողջական խնդիրներ ստացած տղայի համար: ՄԻՊ գրասենյակից հայտնել են, որ գործն ուսումնասիրել են և պահում են իրենց վերահսկողության տակ:
  • Լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատական նիստի ժամանակ ավագ սերժանտ Ռաֆայել Էվոյանը՝ լսելով դատախազների հրապարակած՝ իր նախաքննական ցուցմունքը, ասել է, թե ինքը նման ցուցմունք չի տվել: Դատավոր Սամվել Մարդանյանը նիստը հետաձգել է մինչեւ մարտի 27-ը, երբ կհրապարակվի ՝  Ծովինար Նազարյանի ու տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանի՝ դատախազին ներկայացված բացարկի միջնորդության պատասխանը:
  • Հայաստանի` գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը հայտնել է, որ պատերազմից հետո մինչ օրս Հայաստանից ու Արցախից անհետ կորած է համարվում շուրջ 1000 քաղաքացի:
  • ՀՀ ԱԺ-ն երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրինագիծը»: Այն ընդդիմությունն անընդունելի է համարում՝ նշելով, որ այդ օրենքով սահմանափակվում են խորհրդարանի լիազորությունները և նախադեպ է ստեղծվում զինված ուժերը ներքաղաքական գործընթացներում օգտագործելու համար:
  • Մարտի 22-ին կառավարության հաստատմանը կներկայացվի 77 հոգևոր սպասավորների պարտադիր զինծառայությունից ազատելու եվ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին նախագիծ:

Թուրքիայի ընդդիմությունն իշխանություններից պահանջում է Աֆղանստանից դուրս բերել թուրք խաղաղապահներին: Պահանջը հետևել է պաշտպանության նախարարի այն հայտարարությանը, որ անգամ ՆԱՏՕ-ի՝ Աֆղանստանից դուրս գալուց հետո, թուրքերը չեն պատրաստվում զորքը դուրս բերել Աֆղանստանից:

ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ ռուսաստանյան իշխանությունները քննարկում են ԶՈւ-ում կիբերհրամանատարության ստեղծման հարցը, որը զբաղվելու է բանակի տեղեկատվական անվտանգության հարցերով:

Razm.info-ն այսօր անդրադարձել էր՝

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *