Երկնքում կյանքիս սկիզբն ու հիմքը Յակ-52-ով եմ սկսել. կուրսանտ Մկրտչյան

Արա Մկրտչյանը ծնվել է Գյումրիում, ապրել «Շիրակ» օդանավակայանին կից տարածքում։ Ծնողներն աշխատում են քաղաքացիական ավիացիայում, հայրը թռիչքների ղեկավար է։ Ինչպես ինքն է նշում, այդ ամեն ինչն էլ իրեն բերել է ռազմական ավիացիայի ոլորտ։

Արա Մկրտչյան

Արա Մկրտչյան

Ռազմինֆոն ՀՀ ԶՈւ կազմավորման 22-ամյակի առթիվ շարունակում է ներկայացնել 22 տարեկան ապագա սպաների հետ հարցազրույցներ:

Այսօրվա մեր զրուցակիցը  ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի 22-ամյա օդաչու, կուրսանտ Մկրտչյանն է։

Ձեր մանկությունն ինքնաթիռներին ու դրանց թռիչքներին հետևելով է անցել։ Ավիացիայի նկատմամբ սերը հենց այդտեղի՞ց առաջացավ։

Սերն ավիացիայի հանդեպ դեռ փոքրուց է եղել։ Հաճախակի եմ գնացել այնտեղ (օդանավակայանի տարածք-հեղ), ավիացիան ինձ շատ էր հետաքրքրում։ Հնարավորություն ունեի քաղաքացիական ավիացիայում շարունակել, բայց ռազմականը վերջիվերջո հաղթեց (ժպտում է): Շատերն ասում էին, որ դժվար է լինելու, բայց ես չեմ խուսափել դրանից, գիտեի` ինձ ինչ է սպասվում։ Դրա համար էլ դժվարությունները հեշտ եմ հաղթահարում։

Առաջին փորձից չընդունվեցիք ավիացիոն ինստիտուտ։ Հիասթափվե՞լ էիք։

Օդաչուի մասնագիտությամբ առաջին անգամ չընդունվեցի, հետո ինձ առաջարկեցին կրթությունս շարունակել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կամ Ռուսաստանի բուհերում, բայց որոշեցի ոչ մի տեղ չդիմել ու մեկ տարի անց, նորից մասնակցեցի ավիացիոն ինստիտուտի քննություններին ու վերջապես ընդունվեցի։

Թռիչքներին կողքից հետևելը, ինքնաթիռներին նայելը։ Կպատմե՞ք մանկական հետաքրքրությունների մասին։

Փոքր ժամանակ բարձրությունը սիրել եմ, նույնիսկ պարաշյուտ էի սարքել, ստացվում էր փոքր տանիքներից թռչել։ Ինքնաթիռներ էի պատրաստում թղթից, նկարում էի շատ։ Նույնիսկ դպրոցական տարիքում բոլոր տետրերիս մեջ ինքնաթիռներ կային նկարված։ Միասնական քննության ժամանակ էլ համարակալված սեղանից թուղթը վերցրի, ինքնաթիռ սարքեցի, նոր անցա գրավորին։ (Ժպտում է)

Ընտանիքում երևի թե չէին զարմանում, չէ՞։

Ես միշտ ինձ հուզող հարցերի պատասխանը ստացել եմ ընտանիքում։ Հորս մոտ որ գնում էի, մոտս օրագիր կար, ամեն ինչ գրում էի։ Նշում էի, թե երբ թռան, քանի անգամ թռան ու նման բաներ։ Հեռադիտակ ունեի, ամեն անգամ նայում էի ու անպայման ուզում ընդունվել։

Պարտավորեցրե՞ց, երբ համազգեստ հագաք։

Իհարկե, միայն այն կրելով, զինվորական լինելով արդեն պարտավորեցնում է։ Ու հետաքրքիր է, որ պարտավորեցնում է ոչ միայն ծառայության վայրում, այլ դրսում։ Գիտեք, այս 4 տարվա ընթացքում շատ մեծ տարբերություն եմ նկատում։ Շատ եմ փոխվել։ Այստեղի դաստիարակությունը, ամեն ինչ մեզ մոտ նստվածք է տալիս։

Առաջին ինքնուրույն թռիչքի մասին կպատմե՞ք։

Առաջին թռիչքս 2011 թվականին է եղել Արզնիի օդանավակայանում։ Յակ-52 ուսումնական ինքնաթիռով։

Զգացողությունների մասին պատմեք, ինչպե՞ս էր։

Աննկարագրելի էր, ես իմ ամբողջ կյանքում երազել էի այդ օրվա մասին։ Մինչև թռիչքը չէի հավատում։ Հայելիով նայում էի հետևս, հրահանգիչը չկա, ու չեմ կարող նկարագրել…Օդում այնքան ուրախ էի, որ երգում էի ուրախությունից։ Միայն մտածում էի, որ կապի միջոցով իմ երգելը չլսեն։ (Ծիծաղում է)

Ինչպիսի՞ն էր երկիրը վերևից։

Շատ սիրուն։ Բնություն շատ եմ սիրում։ Վերևից աշխարհը լրիվ ուրիշ է։ Երբ առաջին անգամ հրահանգիչի հետ էինք թռիչք իրականացնում, ասաց, որ  թռիչքը լրիվ ես եմ ղեկավարել, դրանից լավ բան չկար։

Ասում են՝ օդաչուները կյանքը թռիչքից հետո շատ ավելի են գնահատում։ Ձեզ մոտ այդպե՞ս էր։

Առաջին թռիչքից հետո կյանքի նկատմամբ պատկերացումներս լրիվ այլ են։ Դու ունես ընտանիք, սպասողներ, դու սխալվելու իրավունք չունես։ Ավելի շատ սիրեցի օդը։

 

Արա Մկրտչյանն ինքնաթիռային վարժասարքում

Օդում եք լավ զգում, թե՞ ցամաքում։

Ես ոչ առանց գետնի, ոչ էլ առանց երկնքի չեմ կարող։

Դուք գիտակցե՞լ եք, թե ինչ դժվարությունների առաջ եք կանգնելու։

Անշուշտ։ Ես լավ գիտակցել եմ, որ շատ դժվարություններ են լինելու։ Երբ ինչ-որ մեկն ինձ ասում էր, որ 20 տարի ես կորցնելու, դրանից ոչ թե ինքս ինձ համար էի վատ զգում, այլ վատ էի զգում, որ նա այդպես է մտածում։ Այստեղ լրիվ այլ միջավայր է։ Ես սիրում եմ ավիացիան։

Բարդությունների մասին կնշե՞ք։

Միշտ պետք է հիշել, որ ինչքան էլ նկարագրեն, պատմեմ, դրանք էականորեն տարբերվում են իրականից։ Ինձ համար մի քիչ բարդ էր ընտանիքից հեռու լինելը, այստեղի օրակարգը։ Միշտ անսահմանափակ ժամանակ եմ ունեցել, իսկ այստեղ վայրկյանների ճշգրտությամբ օրը պլանավորած է։ Ես գիտեմ, թե ինչի համար եմ եկել ու ինչ եմ անելու հետո։

Ի՞նչ ավիատեխնիկայի մասին եք երազում։

Ամեն մի տեխնիկա իր տեղն ունի, բայց կուզենայի ՄիԳ-29 կործանիչ վարել։

Իսկ ի՞նչ ավիատեխնիկայի եք տիրապետում։

Յակ-52-ից բացի, օդում ղեկավարել եմ նաև Լ-39 ուսումնամարտական ինքնաթիռ։

Եթե համեմատեք, ապա ո՞րն եք ավելի շատ սիրում։

Լ-39-ը սիրում եմ իր արագության համար, իսկ ահա Յակ-52-ը սիրում եմ ու կարոտում, որովհետև իմ «երկնային կյանքի» սկիզբն ու հիմքը Յակ-52-ով եմ սկսել։

Ըստ Ձեզ՝ բանակն ինչի՞ց է սկսվում։

Կարգապահությունից ու համախմբվածությունից։

Որպես ապագա զինվորական ի՞նչ կուզենայիք փոխել բանակային համակարգում։

Շատ բան։ Բայց առաջին հերթին կուզեի բանակի նկատմամբ հասարակության վերաբերմունքը փոխել։ Իսկ դրա համար բանակի ներսում կատարվող շատ  թերություններ պիտի շտկենք, որ ուզենան ծառայել։ Քայլեր արվում են այսօր։

Մինչև մեր զրույցը, երբևէ մտածե՞լ էիք, որ Դուք և զինված ուժերը 22 տարեկան եք, իրար տարեկից։

Ես մի տեսակ ինձ լավ եմ զգացել, որ բանակի ու իմ տարիքը համընկել է։ Հետագայում էլ, որ ստացվեց զինվորական ուղին ընտրել, մի տեսակ պատվաբեր է, հաճելի։

Որպես բանակի մի մասնիկ, Ձեզ նման տղաներին ի՞նչ խորհուրդ կտաք։

Մեկը մյուսով ապրեն, համախմբված լինեն։ Օրինակ՝ մեր ինստիտուտում սրտացավ ենք իրար նկատմամբ, կուզենայի մյուս տեղերում էլ նման կերպ վարվեին։

Եթե մի կարևոր բան մաղթեք բանակին, ապա ի՞նչ։

Ամենակարևորը կուզենայի, որ բանակը զարգանար, թե՛ իր տեխնիկական հագեցվածությամբ, թե՛ թվաքանակով։

Կասե՞ք, թե ինչ ավիատեխնիկա կուզենայիք ունենար հայկական զինված ուժերը։

ՄիԳ-29, Սու-27 կործանիչներ ունենայինք։  Կուզենամ, որ հագեցած լինենք տեխնիկայով, որ ո՛չ տեխնիկայով, ո՛չ էլ ինչ-որ բանով հանկարծ չզիջենք թշնամուն։

Ապագայի մասին պատկերացումներն ինչպիսի՞ն են։

Չեմ կարող անձնականս ու ծառայությունս տարանջատել։ Առանց օդի ապագաս չեմ պատկերացնում։

Զրուցեց՝ Հասմիկ Մելիքսեթյանը

Նկարները՝ Սոսե Մուրադյանի

Հատուկ շնորհակալություն ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի հրամանատարությանը` շարքի պատրաստմանն աջակցելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *