ԱՄՆ-ի զինված ուժերը զրահափոխադրիչներ է նվիրում ոստիկանությանը

13 հազար զրահափոխադրիչներ, որոնք հայտարարվել են «ավելորդ», ԱՄՆ զինված ուժերն առանց գումար պահանջելու կփոխանցի ոստիկանությանը։

Սրանով ամերիկյան զինված ուժերը կլուծի դրանց սպասարկման ու պահպանման խնդիրները, որոնց վրա պաշտպանության նախարարությունը ծախսում էր հսկայական միջոցներ։

ԱՄՆ Ֆորթ Փիրս քաղաքի ոստիկանների MRAP դասի զրահամեքենան, որը նրանք էժան գնով ձեռք են բերել զինված ուժերից

Ընթադրվում է, որ հատուկ նշանակության ստորաբաժանումների զրահամեքենաները, որոնք կիրառվել են ահաբեկիչների ու այլ զինյալ կազմակերպությունների դեմ պայքարում, արդյունավետորեն կաշխատեն նաև ոստիկանության հատուկ զորքերում։ Մեքենաներն ունեն ուժեղացված զրահ, ինչի շնորհիվ դրանք կարող են կիրառվել զինված հանցագործների դեմ պայքարում։

Սակայն պայմանավորվածության համաձայն՝ զրահամեքենաները կտրամադրվեն ինչպես մեծ, այնպես էլ փոքր քաղաքների ոստիկանական ստորաբաժանումներին, թեև փոքր քաղաքներում դրանց կիրառման հավանականությունը շատ քիչ է։ Բացի այդ՝ շուրջ 20 տոննա զանգվածով մեքենաները խիստ ծախսատար են, քանի որ 100 կմ ճանապարհի համար ծախսում են շուրջ 50 լիտր վառելիք։

Զրահամեքենաների պահպանման ծախսերի խնդիրը զինված ուժերում առաջացավ այն պատճառով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ավարտեց պատերազմն Աֆղանստանում ու մինչև 2014-ի ավարտ նախատեսում է այնտեղից դուրս բերել զինված ուժերի, ինչպես նաև զինտեխնիկայի հիմնական մասը։ Ընդ որում, զրահատեխնիկան Աֆղանստանից ԱՄՆ տեղափոխելը զինված ուժերի համար շատ ավելի թանկ կարժենար, քան դրանք տեղում ոչնչացնելը։

Այս պատճառով ԱՄՆ-ն հայտարարեց, որ դուրս է գրում սպառազինության մեջ առկա զրահամեքենաների համարյա կեսը՝ մոտ 7500 մեքենա։ Միացյալ նահանգներն անգամ մի քանի փորձ արեց դրանք նվիրել Հունաստանին, սակայն պայմանով, որ հունական կողմն իր միջոցներով պիտի զրահամեքենաները տեղափոխի։ Դա, ըստ երևույթին, ձեռնտու չէ Հունաստանին, ինչի պատճառով Միացյալ Նահանգների առաջարկները մինչև հիմա անպատասխան են մնում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *