Վրաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է ԵՄ-ի ռազմական կոմիտեի նախագահին

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան Բրյուսել կատարած այցի շրջանակներում հանդիպել է Եվրամիության ռազմական կոմիտեի նախագահին։

Կոմիտեի նախագահ, գեներալ Պատրիկ դե Ռուզիեի հետ հանդիպմանը Իրակլի Ալասանիան քննարկել է Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում մարտական գործողություններին Վրաստանի խաղաղապահների մասնակցության հարցը։ Հանդիպմանը Եվրամիության Ռազմական կոմիտեի նախագահը բարձր գնահատել Վրաստանի զինված ուժերի պատրաստությունը։

Հիշեցնենք, որ դեռևս փետրվարի 20-ին Վրաստանի կառավարության նիստում քննարկել էր Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում մարտական գործողություններին Վրաստանի մասնակցության հարցը։ Կառավարությունը համաձայնություն էր տվել վրացական կողմի ներգրավմանը։

Նշենք, որ 2013 թվականի նոյեմբերի 29-ին Վիլնյուսում Արևելյան գործընկերության գագաթաժողովում ստորագրվել է համաձայնագիր Եվրամիության և Վրաստանի միջև, ըստ որի՝ վրացական կողմը կարող է մասնակցել ԵՄ-ի կողմից ճգնաժամային իրավիճակներում գործողությունների իրականացմանը։

Փաստաթուղթը վրացական կողմից ստորագրել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Պանջիկիձեն և Եվրամիության արատաքին գործերի և անվտանգության բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը։ Այդ պահից էլ Վրաստանը ԵՄ-ից ստացել է խաղաղապահ առաքելություն իրականացնելու հրավեր, այդ թվում նաև՝ աֆրիկյան երկրների համար։
Տեղեկացնենք, որ Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնում են ՄԱԿ-ի խաղաղապահները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *