Մեքսիկան գնել է իսրայելական անօդաչուներ

Մեքսիկայի պաշտպանության նախարարությունն իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության հետ պայմանագիր է կնքել՝ 2 միավոր Dominator XP անօդաչու թռչող սարքեր ստանալու համար։ Սա նմանատիպ երկրորդ պայմանագիրն է 2 միավոր այդպիսի ԱԹՍ-ի ձեռքբերման առաջին պայմանագիրը կնքվել էր 2011-ի հուլիսին։

Ինչպես հաղորդում է Flightglobal լրատվակայքը, պայմանագրի արժեքի և ժամկետների մասին մանրամասներ չեն հաղորդվում։

Հետաքրքիր է, որ իսրայելական աղբյուրների համաձայն՝ Իսրայելն այս ԱԹՍ-ն ստեղծել է որպես մրցակից ամերիկյան հայտնի MQ-1 Predator  անօդաչուներին։

Dominator XP-ն ստեղծվել է երկու շարժիչ ունեցող, 4 հոգու համար նախատեսված Diamond DA42 քաղաքացիական ինքնաթիռի հիմքի վրա։ ԱԹՍ-ն ունակ է օդում մնալ մինչև 28 ժամ, թռիչքի առավելագույն բարձրությունը 9.2 հազար մետր է, կարող է կրել մինչև 300 կգ բեռ, բացում է մինչև 350 կմ/ժ արագություն:

Հարկ է նշել, որ 2011-ի մայիսին իսրայելական Aeronautics Defense Systems ընկերությունը վերջապես թույլտվություն էր ստացել Dominator XP-ներն արտահանելու։ Մինչ այդ իսրայելական կողմը հրաժարվել էր համանման անօդաչուներ վաճառել ԱՄԷ-ին ՝չնայած որ պայմանագիրը կնքված էր, բացի այդ էլ ԱՄԷ-ն արդեն իսկ փոխանցել էր գումարի մի մասը։

Իսրայելի պաշտպանության նախարարությունն այդպես էլ չհրապարակեց, թե ինչն էր այս ԱԹՍ-ների արտահանման արգելափակման պատճառը։ Միայն կարող ենք նշել, որ նույն ժամանակահատվածում Իսրայելի կառավարությունը մի շարք արգելքներ էր սահմանել զենք-զինամթերքի և սպառազինության արտահանման վրա։ Ընդ որում, Իսրայելը չեղյալ էր համարել նաև Թուրքիայի հետ պայմանագիրը Lorop հետախուզական համակարգերի գնման շրջանակներում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *