Իրանը Կասպից ծովում զորավարժություն է անցկացնում

Իրանի ռազմածովային ուժերը, նավատորմի վարչությունը, ոստիկանական ուժերը Իրանի Կարմիր մահիկի կազմակերպության փրկարարների հետ համատեղ Կասպից ծովում փետրվարի 27-ին զորավարժություն են անցկացնում։

Ինչպես հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը, վարժանքներն ուղղված են եղել Կասպյան շրջանում արտակարգ իրավիճակների վերացմանը։

Իրանի ՌԾՈւ նավատորմի վարչության ղեկավար Հիլան Մունթեսեր Քուհսարին հայտարարել է, որ զորավարժությանը մասնակցել են 100 զինծառայող, 10 ռազմանավ, դրանք հիմնականում անցկացվել են Իրանի ջրային տարածքների Էնզելի շրջանում։

Վարժանքների ընթացքում գործողություններ են կատարվել կանխելու նավթի ենթադրյալ արտահոսքը Կասպից ծով և դրա հետևանքով ստեղծված արտակարգ դրությունը։ Փրկարարներն իրենց հերթին անցկացրել են խաղաղ բնակիչների ապահով տարհանելու, առաջին բուժօգնություն ցուցաբերելու գործողություններ։

Նկատենք, որ զորավարժությունները դեռևս շարունակվում են, իրանական կողմը հրաժարվել է մանրամասնելուց, թե երբ դրանք կավարտվեն։

Հիշեցնենք, որ 2014-ի փետրվարի 20-ին Իրանի իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսն Իրանի զինված ուժերի այլ ստորաբաժանումների հետ համատեղ զորավարժություններ են իրականացրել երկրի հյուսիսային հատվածներում՝ Ադրբեջանի հետ սահմանին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *