Հնդկաստանի ռազմածովային ուժերի հրամանատարը հրաժարական է տվել սուզանավի այրվելուց հետո

Ռուսաստանի՝ Հնդկաստանի համար կառուցած «Սինդուրատնա» սուզանավը փետրվարի 26-ին Մումբայի շրջանում հանկարծակի բռնկվել է, ծխահարման հետևանքով 4-5 հազար մարդ է տուժել։ Նրանց տեղափոխել են մոտակա հոսպիտալ։ Միջադեպից ժամեր անց հրաժարական է տվել Հնդկաստանի ՌԾՈւ հրամանատարը։

Ինչպես հաղորդում է հնդկական NDTV հեռուստաալիքը, նախնական տվյալներով տուժել է 6 նավաստի։ Նրանք տեղում ուշագնաց են եղել, ապա նրանց ուղղաթիռներով հասցրել են Մումբայի հոսպիտալ։

Ըստ աղբյուրի՝ Հնդկաստանի ռազմածովային ուժերի 2 սպա միջադեպի հետևանքով անհետ կորած են հայտարարվել։ Հայտնի է, որ ծխահարման ժամանակ նրանք սուզանավում են եղել։

Հաղորդվում է նաև, որ միջադեպն արձանագրվել է ափից 50 մ հեռավորության վրա, սուզանավում այդ պահին զենք-զինամթերք չի եղել, քանի որ այն փորձարկումներ էր անցնում համապատասխան վերանորոգումից հետո։

Միջադեպի պատճառների մասին ոչինչ չի հիշատակվում։ Ոչ պաշտոնական աղբյուրները նշում են, որ սուզանավը սկսել է այրվել ուժակուտակիչ խցում թերացումներ ի հայտ գալու հետևանքով։

Նշենք, որ «Սինդհուրատնա» սուզանավը կառուցվել է 1988-ին Նիժնի Նովգորոդի «Կրասնոե Սորմովո» նավաշինարանում։ Այն ունի 2.3 հազար տոննա ջրատարողություն, երկարությունը 72.6 մ է, արագությունը՝ 18 հանգույց։ 2002-ին ՌԴ-ն արդիականացրել է սուզանավը Սևերոդվինսկի «Զվոյզդոչկա» նավաշինարանում՝ սուզանավում տեղադրելով հրթիռային համալիր։

Հավելենք, որ միջադեպը վերջին 7 ամիսների ընթացքում Հնդկաստանի ՌԾՈւ-ում թվով 10-րդն է, սուզանավերի միջադեպերի շարքում թվով երկրորդ համանման դեպքն է։

Փետրվարի 26-ին գրանցված միաջդեպից մի քանի ժամ անց Հնդկաստանի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Դեվենդրա Քումար Ջոշին ինքնակամ հրաժարական է տվել՝ շեշտելով, որ պատասխանատվություն է զգում նավատորմում վերջին շրջանում դժբախտ պատահարների մեծ թվի համար։ Արդեն հայտնի է, որ Ջոշիի տեղը զբաղեցնելու է նրա տեղակալը՝ փոխծովակալ Ռաջինդեր Քումար Դովանը։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *