ՌԴ-ում զինուժի չնախատեսված ստուգում-վարժանքներ են. մասնակցում է 150 000 զինծառայող

Փետրվարի 26-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով հանկարածակի տագնապով ոտքի են հանվել ՌԴ զինված ուժերի Արևմտյան և Կենտրոնական ռազմական օկրուգների զորքերը, տիեզերական պաշտպանության, օդադեսանտային, ռազմական բեռնատար ավիացիայի հրամանատարությունը։ Նպատակը զորքերի մարտունակության համալիր ստուգումն է։

 

Ռուսական «ԻՏԱՐ ՏԱՍՍ» գործակալությունը փոխանցում է, որ վարժանքներին մասնակցում են ՌԴ զինուժի 150 հազար զինծառայող։ Նախատեսված է օգտագործել 90 միավոր ինքնաթիռ, 120 միավոր ուղղաթիռ, մինչև 880 տանկ, մինչև 80 միավոր նավ։

Ստուգումների առաջին փուլի հիմնական խնդիրը լինելու է հրամանատարների և շտաբների համատեղ գործողությունների գնահատումը։

Լուրեր են շրջանառվում, որ Արևմուտքում այս ստուգումներն ընկալվում են Ռուսաստանի՝ Ուկրաինայի ներքին սրված իրավիճակին ռազմական միջամտություն ցույց տալու մտադրություն։

«Ռոյթերս» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ֆիլիպ Համոնդը հայտարարել է՝ իրենք ուշադիր հետևում են ՌԴ զորքերի փետրվարի 26-ից մեկնարկած ստուգում-վարժանքներին՝ միաժամանակ ակնարկելով՝ «անհանդուրժելի է ռազմական միջամտությունն Ուկրաինայի ներքին գործերին»։

Ռուսական աղբյուրների փոխանցմամբ էլ՝ նման հանկարծակի ստուգումները թաքնված նպատակներ չունեն, քանի որ 2013-ին էլ նախագահի հրամանով ոտքի էին հանվել ՌԴ ԶՈւ հարավային և արևելյան ռազմական օկրուգների զորքերը, կազմակերպվել էին վարժանքներ, որոնց մասնակցել էր 160 հազար զինծառայող, ինչպես նաև Խաղաղօվկիանոսյան նավատորմի 6 անձնակազմ։ Ստուգումների արդյունքում վերհանվել էին մի շարք կազմակերպչական թերացումներ։ Համաձայն ռուսաստանյան մամուլի՝ հենց 2013-ին էլ որոշում էր կայացվել 2014-ին շարունակել համանման հանկարծակի ստուգումները։

Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահ Վլադիմիր Յանուկովիչի հեռացման և փախուստից հետո փորձագետները հավանական են համարում Ռուսաստանի միջամտությունը։ Դրա համար թերևս շահավետ նախապայման են Ուկրաինայի արևելյան շրջաններում ռուսալեզու բնակիչների մինչ օրս ընթացող ցույցերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *