Ադրբեջանը՝ հնդիկ իսլամիստ զինյալների կայանման վայրերի շարքում

Օրերս հայտնի է դարձել, որ Հնդկաստանի հյուսիսային հատվածներում գործող ծայրահեղ իսլամիստական խմբավորման զինյալները ծրագրել են մի շարք երկրներում, այդ թվում՝ Ադրբեջանում կայաններ հիմնել։ Այս հանգամանքը բացահայտվել է հնդիկ մոջահեդների հրամանատարներ Յասին Բհաթքալայի ու Ասադուլա Ահաթարա ալ-Հադիի համացանցային երկխոսությունից։

Հնդիկ իսլամիստ զինյալներ

Հնդիկ իսլամիստ զինյալներ

Ինչպես հաղորդում է բրիտանական Daily Mail պարբերականը, տվյալները հրապարակվել են Հնդկաստանի ազգային անվտանգության ծառայության կողմից։ Հնդիկ իսլամիստները, ըստ համացանցային գրառումների, նախատեսել էին նոր կայաններ հիմնել՝ «ալ Կաիդայի», «Թալիբանի» և այլ հայտնի ահաբեկչական խմբավորումների հետ առավել սերտ համագործակցելու նպատակով։

Համաձայն աղբյուրի՝ երկխոսության ընթացքում իսլամիստ հրամանատարները քննարկում են, թե ինչպես են Պակիստանում առգրավված հրթիռներով հարվածներ հասցնելու հնդկական Սուրաթ քաղաքին Աֆղանստանում վերապատրաստում անցած ահաբեկիչ զինյալների օգնությամբ։

Երկխոսության վերջում շեշտվում է, որ իսլամիստների առաջիկա ծրագրերում են Տիբեթի ու Ադրբեջանի տարածքում ապահով պատսպարաններ հիմնելը։

Հարկ է նշել, որ սա եզակի դեպք չէ, երբ Ադրբեջանի անունը շոշափվում է ահաբեկիչների կայանման վայրերի շարքում։ Դեռևս 2013-ի հոկտեմբերի վերջին Պակիստանի հատուկ ծառայությունները բացահայտել էին Ադրբեջանի հետ միջազգային հեռախոսակապով գաղտնի բանակցություններ, որոնք ազգային անվտանգության նշանակության էին։ Ֆագիրաբադ քաղաքի հյուրանոցի համարից  ահաբեկիչների հետ առնչություն ունեցող անձը զանգեր էր կատարել. համաձայն Պակիստանի դաշնային հետաքննական գործակալության և ոստիկանության տվյալների՝ զանգերի մեծ մասը գրանցվել է Ադրբեջանի և Սոմալիի հեռախոսահամարներին։

Նկատենք նաև, որ Ադրբեջանի տարածքում գործող ահաբեկչական ծայրահեղ իսլամիստական խմբավորումներ 2014-ի հունվարին սպառնալիքներ էին հղել Ադրբեջանի իշխանություններին։ Ծայրահեղ իսլամիստների ակտիվացումն Ադրբեջանի տարածքում հիմնականում կապված է դեպի Սիրիա ադրբեջանցիների հոսքի հետ, որոնք Սիրիայում մարտնչում են իսլամիստների ճամբարում։ Դեպքեր են գրանցվել, երբ ադրբեջանցի զինյալները, որոնք ըստ էության իսլամիստական գաղափարների կրողներ են, հետ են վերադառնում Սիրիայից հայրենիք՝ գործունեություն ծավալելով Ադրբեջանի սահմաններում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *