Պենտագոնը կկրճատի F-35 կործանիչների գնման ծավալը

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կկրճատի հինգերորդ սերնդի F-35 կործանիչների 2015-ի համար նախատեսված պատվերի ծավալները՝ հասցնելով դրանք 34-ի, ինչն 8 ինքնաթիռով պակաս է նախօրոք պլանավորածից։ Այս մասին հաղորդում է ամերիկյան Standard-Examiner պարբերականը։
 

Պենտագոնի ֆինանսների գծով գլխավոր տեսուչ Ռոբերթ Հեյլը հայտնել է, որ կործանիչների գնման ծավալի կրճատումը պայմանավորված է բացառապես ֆինանսական անբավարար միջոցներով և որևէ կապ չունի ինքնաթիռի որակական հատկանիշների հետ։ Հեյլի բնորոշմամբ՝ F-35-ը լավագույնս արդարացնում է իրեն և դրա արտադրության ծավալները շարունակելու են աճել։

Հայտնի է, որ 34 կործանիչները, որոնք ԱՄՆ-ն կգնի 2015-ին, լինելու են տարբեր նշանակության։ Դրանցից 26-ը համալրելու են ռազմաօդային ուժերը, իսկ մյուս 8 ինքնաթիռները՝ռազմածովային ուժերը՝ հավանաբար հերթապահության անցնելով ավիակիրների վրա։

Նշենք, որ Lockheed Martin Aeronautics ընկերության արտադրանքին պատկանող հինգերորդ սերնդի F-35 բազմաֆունկցիոնալ կործանիչը ներկայումս համարվում է իր դասի լավագույն ինքնաթիռներից մեկը։ Հինգերորդ սերնդի կործանիչներ են նախագծում նաև Հնդկաստանն ու Չինաստանը, իսկ Ռուսաստանը նույնիսկ սկսել է սեփական արտադրանքի Տ-50 ՊԱԿ-ՖԱ (ռուս.՝ Т-50 ПАК-ФА) հինգերորդ սերնդի առաջին կործանիչների մատակարարումն իր ռազմաօդային ուժերին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *