Թուրքիան 3.5 մլրդ դոլարի ուղղաթիռներ կգնի Սիկորսկիից, թուրք-ադրբեջանական զորավարժություններ՝ Կարսում, զորակոչի տարիքն մեծանում է, թուրքական հետախուզությանն արաբերենի մասնագետներ են պետք և այլն։
” Կարսում Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել է Ձմեռ-2014 (թուրքերեն՝ Kış-2014) զորավարժությունը։ Վարժանքներն իրականացվել են Կարսի Աքբաբա զորավարժարանում փետրվարի 18-20-ին։ Զորավարժությանը մասնակցել է 85 ադրբեջանցի զինծառայող, իսկ Թուրքիան ներկայացված է եղել շուրջ 1650 զինծառայողով։
” Թուրքիայի և Airbus Group ընկերության միջև խնդիրներ են ի հայտ եկել թուրքական օդուժի համար նախատեսված առաջին A400M ինքնաթիռի հանձնման և ընդունման հետ կապված։ Թուրքական կողմը ձգձգում է ինքնաթիռի ընդունման գործընթացը, իսկ եվրոպական կոնցերն էլ պնդում է, թե այն լիովին պատրաստ է, իսկ Անկարայի այս դիրքորոշումն անընդունելի է։
” Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ամերիկյան Սիկորսկի ընկերության հետ պայմանագիր է կնքել, որով S-70i Black Hawk ուղղաթիռների համատեղ արտադրություն ու մատակարարում է իրականացվելու։ Թուրքիան առաջին փուլով ձեռք է բերելու 109 T-70 (S-70i Black Hawk-ի թուրքական տարբերակը), ինչի համար էլ վճարելու է 3.5 մլրդ ամերիկյան դոլար։
” Թուրքիայի ԶՈւ ռազմածովային ուժերը պատրաստվում են ռազմանավերի խմբով անցնել մի շարք աֆրիկյան պետությունների ափերով, վարժանքներ անցկացնել, ինչպես նաև դուրս գալ Հնդկական օվկիանոս։ Թուրքական ռազմանավերն անցնելու են աֆրիկյան 29 պետության ափամերձ հատվածներով՝ ժամանակ առ ժամանակ խարիսխ գցելով տեղի զինվորականների հետ հանդիպումների, վերանորոգման և վերալիցքավորման համար։
” Թուրքիայի զինված ուժերի զորակոչի վերաբերյալ օրենքներում փոփոխություններ են կատարվել, ինչի արդյունքում զորակոչի նվազագույն տարիքը 20-ից դարձել է 21։ Փոփոխություններ են եղել նաև պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդների ժամկետում. 12 ամիս տևողությամբ զինծառայության զորակոչվող զինծառայողները նախկին 90 օրվա փոխարեն այժմ ունենալու են միայն 30 օր արձակուրդ, իսկ 6 ամսով զորակոչվողների համար արձակուրդը լինելու է 15 օր նախկին 45-ի փոխարեն։
” Թուրքիան շարունակում է բալկանյան երկրներում թուրքերեն տարածել իր խաղաղապահների միջոցով։ Այս անգամ Թուրքիայի զինված ուժերը թուրքերեն գրքեր է փոխանցել Բոսնիայի կրթական կառույցներին, ինչպես նաև վերանորոգել տեղի դպրոցներից մեկը։ Միջոցառման շրջանակներում շուրջ 3500 գիրք է փոխանցել բոսնիական դպրոցներին, համալսարաններին, ինչպես նաև թուրքական կազմակերպություններին։
” Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) փնտրում է արաբերենի տիրապետող անձանց, ովքեր վերապատրաստվելուց հետո աշխատանքի կանցնեն հատուկ ծառայության շարքերում։ Թուրքական հետախուզության առաջադրած պահանջներով՝ դիմողները չպետք է 35 տարեկանից բարձր լինեն, ազատ խոսեն արաբերենով, գրեն և կարդան, ունենան առնվազն միջնակարգ մասնագիտական կրթություն, ինչպես նաև 1 տարի բնակցված լինեն արաբական որևէ երկրում։
Ռազմաշաբաթները նաև