Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այսօր հետևյալ հաղորդագրությունն է տարածել .
Հետևելով մամուլում տպագրված ՀՀ ԶՈՒ Երևանի կայազորի Ռազմական ոստիկանությունում մարտի 14-ին տեղի ունեցած մի խումբ զինվորներին դաժան ծեծի ենթարկելու մասին տեղեկատվությանը, որտեղ նշված էր նաև, որ զինվորներից առավել մեծ վնասվածքներ է ստացել (դեմքի շրջանում) Արսեն անունով սևանցի մի երիտասարդ, Մարդու իրավունքների արագ արձագանքման խումբը նախ մեկնել էր Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ լրատվամիջոցների տեղեկություններով պետք է լիներ Արսենը, և պարզել էր, որ նման անունով գրանցում չի եղել և Արսենը չի գտնվում այդ հիվանդանոցում։ Պարզվեց նաև, որ Արսենն իր ժամկետային ծառայությունն է անցնում իր զորամասում։ Պաշտպանի արագ արձագանքման խումբը անմիջապես մեկնել էր զորամաս՝ Արսենին տեսնելու։ Խոսել էին նաև Արսենի ծնողների հետ։ Թե´ Արսենը, թե´ իր ծնողները հավաստիացրել էին, որ չունեն ոչ մի բողոք ո´չ Արսենի ծառայության, ո´չ էլ առողջական վիճակի հետ կապված։
Բողոքի բացակայության հիմքով համարելով այս միջադեպը սպառված՝ միևնույն ժամանակ, Պաշտպանի աշխատակազմը կոչ է անում բոլոր լրատվամիջոցներին, զինծառայողների հարցերով մտահոգված բոլոր կազմակերպություններին և անհատներին շարունակել բարձրաձայնել բանակում տեղի ունեցող միջադեպերը և, համագործակցելով Պաշտպանի աշխատակազմի հետ, փորձել արդյունավետ հանրային վերահսկողություն իրականացնել այդ ոլորտում։