ՌԴ-ում շահագործման է հանձնվել Իսկանդեր համալիրների 3 նոր կայանատեղի

Ռուսաստանի Պրիվոլժսկի դաշնային շրջանում շահագործման է հանձնվել Իսկանդեր օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրների համար նախատեսված երեք կայանատեղի։ Դրանք նախատեսված են շրջանի հրթիռային միավորումներից մեկին 2013-ի հունիսին փոխանցված հրթիռային համալիրների համար։ Այս մասին տեղեկացրել է կայանատեղիների կառուցումն իրականացրած Ռուսաստանի հատուկ շինարարության դաշնային գործակալությունը։

Իսկանդեր օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրների (ՕՄՀՀ) սպասարկումը բավական բարդ խնդիր է, ինչի մասին բազմիցս խոսել է Ռուսաստանի ռազմական ղեկավարությունն ի թիվս պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի։ Համալիրն օժտված է էլեկտրոնային բարդ սարքավորումներով, որոնց պատշաճ պահպանման համար անհրաժեշտ են ջերմաստիճանային հատուկ պայմաններ։ Ուստի Իսկանդերների մշտական կայանումը բացօթյա տեղանքում կարող է բացասաբար անդրադառնալ ՕՄՀՀ-ի կենսունակության վրա։

Այս նպատակով կառուցվում են հատուկ կայանատեղիներ, որոնցից երեքի շահագործման հանձնելու մասին էլ այժմ դարձել է հայտնի։ Հարկ է նշել, որ թեպետ Պրիվոլժսկի նորակառույց կայանատեղիների լուսանկարներում հստակ չի երևում՝ արդյո՞ք դրանք ջեռուցվում են թե ոչ, սակայն հաշվի առնելով, որ շահագրծման հանձնողը Ռուսաստանի հատուկ շինարարության դաշնային գործակալությունն է, ամենայն հավանականությամբ խոսքը հենց նման կայանատեղիների մասին է։

Իսկանդեր ՕՄՀՀ-ն նախատեսված է հակառակորդի ինչպես կենդանի ուժի, այնպես էլ կարևորագույն ենթակառուցվածքների ոչնչացման համար։ Հրթիռի մարտագլխիկը կարող է համալրվել կասետային, բեկորաֆուգասային և ներթափանցող մարտական մասերով։ Կախված մոդիֆիկացիայից, համալիրը կարող է խոցել թիրախները 20-ից 500 կմ հեռավորության վրա։

 

Իսկանդեր ՕՄՀՀ-ի ինֆոգրաֆիկա. մշակումը՝ Ռազմինֆոյի

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *