Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը փետրվարի 26-ին մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու այն պետությունների պաշտպանության նախարարների հանդիպմանը, որոնք ներդրում են ունեցել Աֆղանստանում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) գործողություններում։
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպումը կայանալու է փետրվարի 27-ին, քննարկվելու են Աֆղանստանում ծրագրվող մի շարք գործողություններ, 2014-ի վերջին զորքերի մեծ մասի դուրսբերումից հետո «Վճռական աջակցություն» անունը կրող խաղաղապահ առաքելության ծրագրումը և այլ հարցեր։
Ադրբեջանի զինծառայողները ծառայություն են անցնում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի կազմում՝ սկսած 2002-ի նոյեմբերից։ Ներկայումս Ադրբեջանի ԶՈւ 94 զինծառայող պարեկություն է անում Աֆղանստանում՝ թուրքական ռազմաճամբարում՝ հսկելով մայրաքաղաք Քաբուլի հեռուստաաշտարակը, ինչպես նաև ISAF-ի զինանոցը։
Հավելենք, որ Անվտանգության աջակցության միջազգային ուժերը ստեղծվել են ՄԱԿ ԱԽ N1386 բանաձևի շնորհիվ 2001-ի դեկտեմբերի 20-ին։ 2003-ի օգոստոսից ISAF-ի հրամանատարությունը ստանձնել է ՆԱՏՕ-ն։