Բելառուսում հրազեն կիրառած իրավապահներին կարող են ազատել պատասխանատվությունից

Բելառուսի խորհրդարանում քննարկվում է ռազմական դրության մասին օրենքում փոփոխություններ մտցնելու առաջարկը, որի ընդունման արդյունքում համաչափ իրավիճակում հրազեն կիրառած իրավապահները չեն ենթարկվի պատասխանատվության։ Այս մասին հաղորդում է բելառուսական TUT.BY լրատվակայքը։

Բելառուսական հատուկ նշանակության ջոկատի մարտիկներ

Բելառուսական հատուկ նշանակության ջոկատի մարտիկներ

Օրենսդրական փոփոխությունների փաստաթուղթը խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել դեռևս 2013-ի դեկտեմբերի 9-ին, սակայն Ուկրաինայում ծայր առած զանգվածային անկարգությունների դրանց ճնշման ընթացքում իրավապահների կողմից հրազենի կիրառման համատեքստում այն ստացել է հանրային լայն հնչեղություն։
Օրենքում նախատեսվող փոփոխությունների հաստատման դեպքում, երկրում հայտարարված ռազմական դրության ժամանակ կարգուկանոնի հաստատման գործում ներգրավված զինծառայողներն ու ռազմականացված կառույցների աշխատակիցները ուժի կիրառման համար չեն ենթարկվի պատասխանատվության, եթե ուժի այդ կիրառումը զինծառայողի համար եղել է թելադրված ստեղծված իրավիճակով։
Ուժայիններին պատասխանատվությունից ազատելուց բացի, օրենսդրական փոփոխությունները ենթադրում են նաև մեկ այլ նորույթ։ Երկրում ռազմական դրության հայտարարման ժամանակ կարող է սահմանափակվել կամ ընդհուպ մինչև դադարեցվել զանգվածային լրատվամիջոցների աշխատանքը։ Իրենց գործունեությունը կարող են շարունակել միայն այն լրատվամիջոցները, որոնք կստանան համապատասխան թույլտվություն տեղեկատվության նախարարությունից։
Ռազմական դրության մասին օրենքում առաջարկվող փոփոխություններն այսքանով չեն սահմանափակվում։ Դրանց հեղինակներն առաջարկում են նաև ռազմական դրության ժամանակ թույլատրել հատուկ ծառայություններին՝ գաղտնալսել հեռախոսազանգերն առանց դատախազության համապատասխան թույլտվության։
Նշենք, որ Բելառուսի՝ ռազմական դրության մասին ներկայիս օրենքն ընդունվել է 2003-ին։ 2008-ին և 2009-ին այն արդեն իսկ հասցրել է ենթարկվել փոփոխությունների։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *