ԱՄՆ-ն բացատրություն է պահանջել Իրանից և Իրաքից սպառազինության գնման պայմանագրի համար

ԱՄՆ պետքարտուղարությունը փետրվարի 25-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով Իրանի իշխանություններից բացատրություն տալ Իրաքի հետ կնքած սպառազինության գնման 8 պայմանագրի վերաբերյալ շրջանառվող լուրերի առնչությամբ։

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակի

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակի

Ինչպես հաղորդում է BBC լրատվական գործակալությունը, պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել է՝ պայմանագրի տեղեկության հաստատվելու դեպքում ԱՄՆ-ն «լուրջ հարցեր կունենա թե´ Բաղդադի, թե´ Թեհրանի հետ»։

Փսակին այնուհանդերձ ընդգծել է, որ Իրաքը «ԱՄՆ-ի լեգիտիմ գործընկերներից է, որի հետ շարունակելու է համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում»։

ԱՄՆ-ի պնդմամբ Իրանի հետ սպառազինության ցանկացած գործարք արգելված է, քանի որ ՄԱԿ-ի համապատասխան բանաձևի համաձայն՝ Իրանը չի կարող սպառազինության մի շարք տեսակներ ներմուծել կամ արտահանել։

Հետաքրքիր է, որ Բաղդադը պաշտոնապես ո´չ հերքել է, ո´չ էլ հաստատել է տեղեկությունը՝ միայն հավաստիացնելով, որ Իրաքը սպառազինության «սուր պակաս ունի՝ կապված երկրի արևմուտքում սուննի մուսուլմանների ընդվզումները մարելու անհրաժեշտության հետ»։

Չի ուշացել նաև Իրանի արձագանքը, սակայն ոչ թե կառավարության, այլ դեռևս դեսպանության մակարդակով։ Իրաքում Իրանի դեսպան Հասան Դանեյֆերը հայտարարել է՝ նման պայմանագիր չի կնքվել, այնուամենայնիվ հավելելով՝ «եթե Իրաքն այդպիսի առաջարկ անի, մենք կդիտարկենք հարցը»։

Այսպիսով, ըստ էության, կտրուկ հերքումներ պատվիրող և ստացող կողմերից այս պահի դրությամբ չեն հնչել։ Իրադարձությունների հետագա ընթացքը կկանխորոշի ԱՄՆ-ի քայլերը։

Հիշեցնենք, որ  ավելի վաղ «Ռոյթերս» լրատվական գործակալությունը հաղորդել էր՝ Իրանի և Իրաքի միջև 8 պայմանագիր է կնքվել դեռևս 2013-ի նոյեմբերի վերջին։ Պայմանագրերի արժեքը 195 մլն ԱՄՆ դոլար է, դրանք նախատեսում են, որ Իրանի ռազմարդյունաբերական պետական կազմակերպությունը և Իրանի էլեկտրոնային արդյունաբերական կազմակերպությունն Իրաքին փոխանցելու են երկրի տարածքում զինյալների խմբավորումների դեմ պայքարի համար կիրառվող սպառազինություն։

«Ռոյթերսի» տվյալներով՝ դրանց շարքում են տանկերի, հրետանու, ականանետի արկեր, ականանետեր, 155 մմ տրամաչափի զինատեսակների արկեր, գիշերային դիտարկման սարքեր, ականանետերի նշանառության համակարգեր, թունավոր նյութերից պաշտպանության սարքեր, կապի միջոցներ և այլն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *