Խորվաթիայի օդուժը ստացել է արդիականացված Մի-8ՎՏՄ ուղղաթիռներ

Խորվաթիայի ռազմաօդային ուժերը ստացել է 2 միավոր վերանորոգված ու արդիականացված Մի-8ՄՏՎ ուղղաթիռներ։ Դրանք վերանորոգվել են Խորվաթիայի ZTC ավիաշինական գործարանում ուկրաինական «Ուկրսպեցէքսպորտ» պետական միավորման հետ համատեղ։ Վերանորոգման արժեքը մոտ 10.9 մլն եվրո է (14 մլն 967 հազար ԱՄՆ դոլար)։

Խորվաթիայի ՌՕՈւ Մի-8ՄՏՎ ուղղաթիռ

Խորվաթիայի ՌՕՈւ Մի-8ՄՏՎ ուղղաթիռ

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան BMPD ռազմական բլոգը, խորվաթական կողմը համոզված է՝ արդիականացման արդյունքում բարելավվել են ուղղաթիռի մարտավարատեխնիկական տվյալները, այն դարձել է մրցունակ միջազգային շուկայում։

Հավելենք, որ Մի-8ՄՏՎ ուղղաթիռը (արտահանվող տարբերակում Մի-17-1Վ) ունակ է վերելք ու վայրէջք կատարել 4 հազար մետր բարձրության վրա, թռիչքի բարձրությունը 6000 մետր է։ Առաջին նախատիպերը փորձարկումներ են անցել 1985-ին։ 1988-ից մեկնարկել է սերիական արտադրությունը։ Անձնակազմը 3 հոգի է, ուղևորների քանակը՝ մինչև 24, երկարությունը՝ 25.31 մ, բարձրությունը՝ 5.54 մ, թռիչքային զանգվածը՝ 11100 կգ, առավելագույն արագությունը՝ 250 կմ/ժ։

Նշենք նաև, որ Խորվաթիայի ՌՕՈւ հրամանատար Դրաժեն Շչուրին մանրամասներ է հայտնել ՄիԳ-21բիս. կործանիչների վերանորոգման վերաբերյալ։

Նրա խոսքերով՝ «Օդեսսաավիառեմսերվիս» պետական ձեռնարկությունը զբաղվելու է շարժիչների վերանորոգմամբ, իսկ չեխական CLS ընկերությունը՝ տարբեր համակարգերի տեղադրմամբ։ Շչուրին հավաստիացրել է՝ աշխատանքներն ընթանում են նախանշած գրաֆիկի սահմաններում, և 2013-ին բոլոր 3 ինքնաթիռներն էլ պատրաստ էին պատվիատուին հանձնելու։

Այնուհանդերձ, CLS ընկերությունն առաջարկեց ինքնաթիռներում ներդնել նավիգացիոն մի համակարգ, որոնք հիմնականում կիրառում են ռազմական բեռնատար ինքնաթիռներում և ուղղաթիռներում, սակայն երբևէ չեն օգտագործել կործանիչներում։

Այնուամենայնիվ, փորձարկումները ցույց տվեցին, որ չեխական ընկերության առաջարկն այնքան էլ արդյունավետ չէր, քանի որ բարձր բեռնավորվածության պայմաններում նավիգացիոն համակարգը թերացումներով էր գործարկվում։

Ներկա դրությամբ չեխական ընկերությունն աշխատանքներ է տանում թերացումները շտկելու ուղղությամբ, հնարավոր է՝ կիրառվի այլ համակարգ։ Խորվաթիայի ՌՕՈւ-ն հրաժարվել է կործանիչներն ընդունելուց, մինչև իր բոլոր պահանջներն ինչպես հարկ է չկատարվեն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *