Պակիստանում Իրանի հյուպատոսարանի մոտ ահաբեկչություն է իրականացվել

Պակիստանի հյուսիս-արևմուտքի Փեշավար քաղաքում տեղակայված Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսարանի մոտ փետրվարի 24-ին ահաբեկչություն է իրականացվել։ Ականապատ ավտոմեքենայի պայթեցման հետևանքով զոհվել են հյուպատոսարանի երկու պահակները, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 10 հոգի։

Իրանի հյուպատոսարանը Պակիստանում

Իրանի հյուպատոսարանը Պակիստանում

Ինչպես հաղորդում է պակիստանյան Dawn առցանց պարբերականը, ականապատ ավտոմեքենայի պայթեցումն իրագործել է մահապարտ ահաբեկիչը։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է Թեհրիք-ի-Թալիբան խմբավորումը, որը սերտ առնչություններ ունի «Թալիբան» ահաբեկչական խմբավորման հետ։
Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Պակիստանում ահաբեկչական գործողություններն ավելի հաճախակի են դարձել, երբ Պակիստանի իշխանությունները հայտարարել էին «Թալիբանի» ներկայացուցիչների հետ բանակցությունների մեկնարկի մասին, դրանից առաջ նախապես պայմանավորվելով ԱՄՆ օդուժի հրամանատարության հետ, որպեսզի ամերիկյան անօդաչուներն առժամանակ չռմբակոծեն ահաբեկիչների պատսպարանները։
Այնուհանդերձ, բանակցությունները թերևս որևէ արդյունքի չեն հանգեցրել՝ հաշվի առնելով, որ առնվազն փետրվարի 21-ից Պակիստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցնում երկրի հյուսիսարևմտյան շրջաններին թալիբներին ոչնչացնելու նպատակով։
Նկատենք, որ «Թեհրիք-ի-Թալիբան» խմբավորման զինյալները պատսպարվում են հենց հյուսիսարևմտյան հատվածներում։
Ինչ վերաբերում է Իրանի դիրքորոշմանը, ապա վերջինիս իշխանությունները բազմիցս առաջարկել են Պակիստանին համատեղ պայքար ծավալել ահաբեկիչների դեմ։ Հստակ պատասխաններ չստանալով՝ Իրանի ներքին գործերի նախարար Ռահմանի Ֆազլին նույնիսկ հայտարարել էր՝ Իրանի զորքերը շատ հավանական է ներխուժեն Պակիստանի տարածք՝ փետրվարի 7-ին «Ջաիշ ալ Ադլը» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից առևանգված իրանցի սահմանապահներին գերությունից ազատելու համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *