Տանկերի ու այլ զրահատեխնիկայի, դրանց պատմության, կիրառման ու այլ մանրամասներով էլեկտրոնային ազատ հանրագիտարանը բացել է ռուսաստանյան տանկաշինական Ուրալվագոնզավոդ կորպորացիան:
Նոր Tankopedia.org կայքը կառուցված է Վիկիպեդիա ազատ հանրագիտարանի նմանությամբ, ու ցանկացողները կարող են գրանցվել ու խմբագրություններ կատարել հոդվածներում: Կայքի տվյալներով այնտեղ արդեն կա 2350 հոդված, որոնք բաժանված են 14 թեմատիկ բաժինների: Կայքում հոդվածներ կան ինչպես խորհրդային ու ռուսական, այնպես էլ գերմանական, չինական, ամերիկյան ու այլ երկրների արտադրության տանկերի, ՀՄՄ-ների ու այլ զրահատեխնիկայի, դրանց կառուցվածքի ու կիրառության, զինամթերքի մասին:
Հանրագիտարանում ներկայացրել են ինչպես տանկերի ստեղծման պատմությունը, այնպես էլ ֆիլմեր, արխիվային նկարներ ու փաստաթղթեր, որոնց մի մասն էլ տրամադրել է հենց Ուրալվագոնզավոդը։ Ընկերության փոխտնօրեն Ալեքսեյ Ժարիչի խոսքով՝ իրենք ուզում են մինչև 2020 թվականը էլեկրոնային հանրագիտարանը դարձնել համացանցում զրահատեխնիկայի մասին ամենալուրջ ռեսուրսը։
Ինչպես և կարելի էր ենթադրել, էլեկտրոնային հանրագիտարանի «զարդը» Ուրալվագոնզավոդի արտադրանքն է, մասնավորապես Տ-72 տանկն ու ԲՄՊՏ տանկերի աջակցման մարտական մեքենան, որոնց մասին հոդվածները հատուկ խնամքով են գրված:
Հիշեցնենք, որ Ուրալվագոնզավոդ ընկերությունը 2013-ի սեպտեմբերին գաղտնազերծել էր Տ-72 տանկի մասին մի շարք տեղեկություններ ու առանձին գիրք էր հրատարակել տանկի մասին։