Ֆրանսիան ևս 400 զինծառայող է ուղարկում Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն

Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի խոսնակը հաստատել է, որ Ֆրանսիան Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն (ԿԱՀ) է ուղարկելու ևս 400 զինծառայողի, որոնք մասնակցելու են Sangaris գործողությանը։  

Ֆրանսիական զորախմբի զինծառայողները մայրաքաղաք Բանգիում
Ինչպես հաղորդում է «Ջեյնս» ռազմական վերլուծական հանդեսը, այսպիսով ԿԱՀ-ում ֆրանսիացի զինծառայողնի թիվը դարձել է 2 հազար։
Նշենք, որ ֆրանսիացի զինծառայողներն աֆրիկյան զորախմբերի հետ մի շարք գործողություններ են իրականացնում ԿԱՀ-ի տարածքում։
Փետրվարի կեսերին կայացած վերջին նման գործողության արդյունքում զինաթափել են երկրի մայրաքաղաք Բանգիում գործող զինյալներին։ Հենց այդ ընթացքում էլ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտնել էր, որ ռազմական առաքելությունը Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում կտևի նախատեսվածից երկար, քանի որ զինյալների թիվն ու հարձակումների ծավալներն ավելի մեծ են, քան ենթադրվում էր։
ԿԱՀ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Քեթրին Սամբա-Պանզան փետրվարի 18-ին իր հերթին դիմել էր Ֆրանսիայի իշխանություններին իր երկրից ֆրանսիական զորքերը մինչև նախագահական ընտրությունները դուրս չբերելու խնդրանքով։
Բացի ֆրանսիացիներից, ներկա դրությամբ ԿԱՀ-ում են նաև Աֆրիկյան միության 2.5 հազար զինծառայողներ. Եվրամիությունն էլ ծրագրում է ուղարկել 900 զինծառայողի։
Հավելենք, որ ժամանակին Ֆրանսիայի գաղութներից մեկը հանդիսացած Կենտրոնաֆրիկյան հանրապետությունում ներքին հակամարտությունը սկսվել է 2013-ի մարտին, երբ հեղաշրջման հետևանքով իշխանության եկան հիմնականում «Սելեքա» դաշինքի զինյալները։
Ներկայումս ԿԱՀ-ում, ըստ էության, բացակայում են իշխանության լեգիտիմ մարմինները, երկիրը միմյանց դեմ պատերազմող զինված խմբավորումների ձեռքում է, ընդ որում՝ նրանք մարտնչում են՝ թե´ կրոնական, թե´ քաղաքական, թե´ էթնիկ նկրտումներից ելնելով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *