Ադրբեջանի զինուժի զինվորականները մասնակցելու են Sea Breeze-2014 Սևծովյան երկրների ու ՆԱՏՕ ուժերի համատեղ միջազգային ծովային զորավարժությունների ծրագրմանը վերաբերող քննարկումներին, որոնք կայանալու են 2014-ի փետրվարի 25-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Օդեսսայում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունը։
Հավելենք, որ 2013-ի նոյեմբերի սկզբին Օդեսսայում կայացել էր Sea Breeze-2014-ի ծրագրման քննարկումների առաջին փուլը, երբ նախանշվել էր զորավարժության թեմատիկան, առանձնացվել էին առաջնային հանձնարարությունները, որոշվել էր յուրաքանչյուր մասնակից երկրի ներկայացուցչության կազմը։
Հիշեցնենք, որ 2013-ին Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինված ուժերը մասնակցել էին հուլիսի 8-20-ը Սև ծովում՝ Ուկրաինայի ջրային տարածքներում, անցկացված Sea Breeze-2013 միջազգային ծովային զորավարժություններին։
Զորավարժությանը մասնակից էին նաև ԱՄՆ-ն, Բուլղարիան, Իտալիան, Կանադան, Ռումինիան, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները։
Նշենք, որ Sea Breeze զորավարժություններն անցկացվում են Ուկրաինայի տարածքում 1997-ից ի վեր՝ համապատասխան 1993-ին Ուկրաինայի ու ԱՄՆ պաշտպանության նախարարությունների միջև կնքված Պաշտպանական ու ռազմական հարցերում փոխգործակցության ու փոխըմբռնման հուշագրի։
[թարմացում]
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Վագիֆ Դարգահլին հաստատել է, որ ուկրաինական կողմը չեղյալ է համարել զորավարժության ծրագրմանը վերաբերող հանդիպումը։ Նրա խոսքերով՝ ըստ էության հանդիպումը հետաձգվել է, սակայն անորոշ ժամկետով։
Հիշեցնենք, որ Ուկրաինայում ներկայումս ներքին հակասությունները չեն հանդարտվել՝ չնայած որ նախագահը վերականգնել է 2004-ի Սահմանադրությունը, խոստացել է արտահերթ ընտրություններ, ապա ժամեր անց լքել է նախագահական նստավայրն անհայտ ուղղությամբ։
Pingback: Սև ծովում մեկնարկել է ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Թուրքիայի մասնակցությամբ զորավարժությունը | Ռազմ.info