«Թալիբան» շարժման զինյալները փետրվարի 23-ի առավոտյան հարձակվել են Աֆղանստանի՝ Պակիստանի հետ սահմանամերձ Քունար նահանգում տեղակայված կառավարական ուժերի ռազմակայանի վրա։ Հարձակման հետևանքով սպանվել է առնվազն 20 աֆղան զինծառայող։
Ինչպես հաղորդում է AFP լրատվական գործակալությունը, ևս 7 զինծառայող գերի է ընկել, նրանց մասին այս պահի դրությամբ ոչինչ հայտնի չէ։ «Ռոյթերս» գործակալությունն էլ իր հերթին տեղեկացնում է, որ սպանվել է 21 զինծառայող, իսկ Աֆղանստանի զինուժը ներկայումս հատուկ գործողություն է իրականացնում՝ գերիներին ազատելու նպատակով։
BBC լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հաշվի առնելով կորցրած զինծառայողների մեծ թիվն ու թալիբների վտանգավոր ակտիվությունը՝ Աֆղանստանի նախագահը հետաձգել է Շրի Լանկա կատարվելիք իր այցը՝ զարգացումներին անձամբ հետևելու մտադրությունից ելնելով։
Նշենք, որ Աֆղանստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հարձակման փաստը հաստատել է, իսկ «Թալիբան» խմբավորումն արդեն ստանձնել է դրա պատասխանատվությունը։
Միաժամանակ հայտնի է դարձել, որ թալիբները կասեցրել են բանակցությունները, որոնք միտված էին Գուանտանամոյի կալանավայրի բանտարկյալ 5 զինյալներին իրենց մոտ պատանդ ամերիկացի զինծառայող Բոուի Բերգդալի հետ փոխանակելուն։ Թալիբներն իրենց քայլի պատճառը նշել են «Աֆղանստանում բարդ ներքաղաքական իրավիճակը»՝ չմանրամասնելով, թե դա ինչ է նշանակում։
Հավելենք, որ թալիբների հարձակումներն Աֆղանստանում ծառայություն անցնող խաղաղապահների ու կառավարական ուժերի վրա սովորական երևույթ են դարձել։ Միայն 2013-ի ընթացքում արձանագրվել է մի քանի հազար նմանատիպ միջադեպ։ Ընդ որում, ՊՆ-ն մինչ օրս չի հրապարակել հարձակումների հետևանքով սպանված, տուժած ու պատանդ զինծառայողների թիվը։
Հայտնի է միայն, որ ոստիկանական ուժերը 2013-ին ամեն շաբաթ մեկ տասնյակից ավել մարդ են կորցրել։
Հետաքրքիր է՝ չնայած որ 2014-ի վերջին ՆԱՏՕ-ն ծրագրում է իր խաղաղապահների գերակշիռ մասին դուրս բերել Աֆղանստանից, աֆղանական զինուժը, որն էլ պետք է կրի երկրի անվտանգության ապահովման ողջ պատասխանատվությունը, աչքի չի ընկնում բարձր մարտունակությամբ ու պատրաստվածությամբ, բացի այդ էլ ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ իրականում բավարար սպառազինություն չունի։