Ռազմաշաբաթ. Վրաստան. փետրվարի 17-22

Վրաստանը կմասնակցի Եվրամիության խաղաղապահ առաքելությանը Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում։ Պաշտպանության նախարարությունում կայացել է աշխատանքային հանդիպում՝ պաշտպանության և ներքին գործերի նախարարների մասնակցությամբ։ Դեռևս վաղ է խոսել Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին։ Ստորագրվել է 2014-ի համագործակցության պլանը Վրաստանի և Հունգարիայի պաշտպանության նախարարությունների միջև:

 

Վրաստանի կառավարության նիստը

Վրաստանի կառավարության նիստը

” Եվրամիությունը դիմել է Վրաստանին՝ հայցելով մասնակցություն Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում ծրագրվող խաղաղապահ առաքելությանը։ Փետրվարի 20-ին այս հարցը քննարկվել է Վրաստանի Կառավարության նիստի ընթացքում և արժանացել հավանության։ Փետրվարի 21-ին Կենտրոնաֆրկյան Հանրապետություն խաղաղապահներ ուղարկելուն ձայների մեծամասնությամբ կողմ է քվեարկել նաև Վրաստանի խորհրդարանը։ Վեց ամիս տևողությամբ խաղաղապահ առաքելությունը մեկնարկելու է 2014-ի մայիսին։

” Փետրվարի 17-ին Վրաստանի պաշտպանության նախարարությունում կայացել է աշխատանքային հանդիպում երկրի ուժային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան ընդունել է ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չակաիձեին։ Քննարկվել են ճգնաժամային իրավիճակներում համատեղ կոորդինացված գործունեությանն առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել երկու գերատեսչությունների ստորաբաժանումենրի համագործակցության խորացմանը։

” Վրաստանը պատրաստ է անդամակցել ՆԱՏՕ-ին  բոլոր առումներով, սակայն բուն ինտեգրման մասին խոսելն առայժմ վաղ է։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին։ Ձգձգումը, ըստ Սեսիաշվիլիի, պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում՝ քաղաքական։

” Փետրվարի 19-ին Թբիլիսիի Վարկեթիլի զինվորական ավանում բնակարաններ են հանձնել ևս 17 զինվորականների ընտանիքներին։ Բնակարանամուտ տոնած ընտանիքներից 12-ն Աֆղանստանում խաղաղապահ առաքելության ժամանակ զոհված զինծառայողների հարազատներն են։ Եվս հինգ բնակարան հանձնել են 2008-ի օգոստոսյան պատերազմի ժամանակ ծանր վիրավորված զինծառայողներին։

” Վրաստանի ՊՆ տեղակալ Միխեիլ Դարչիաշվիլին երկօրյա պաշտոնական այցով մեկնել էր Հունգարիա։ Այցի ընթացքում փոխնախարարն ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են Վրաստանի և Հունգարիայի միջև համագործակցության խորացմանն ուղղված քայլերը։ Երկու երկրների պաշտպանության նախարարները ստորագրել են նաև 2014-ի համագործակցության պլանը։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Թուրքիայում

Իրանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *