ԱՄՆ ռազմաօդային ուժերը BlackBerry սմարթֆոնը կփոխարինի iPhone-ով

ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը որոշում է կայացրել փոխարինել զորատեսակի կարիքների համար օգտագործվող BlackBerry սմարթֆոնները Apple ընկերության արտադրանքով։ Սկզբնական փուլում խոսքը գնում է շուրջ 5 000 սմարթֆոնի փոխարինման մասին։ Այս մասին հաղորդում է Defense News ռազմական լրատվակայքը։

BlackBerry և iPhone սմարթֆոնները

BlackBerry և iPhone սմարթֆոնները

Ինչպես ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) հրամանատարությունից են նշում՝ սմարթֆոնների փոփոխության անհրաժեշտությունն առաջին հերթին պայմանավորված է օպերացիոն համակարգով (ՕՀ)։ BlackBerry-ի ՕՀ-ն Apple-ի առաջարկած iOS ՕՀ-ի համեմատ բավական հին է, ինչն անդրադառնում է սմարթֆոնի արագագործության և ֆունկցիոնալության վրա։ Այդ պատճառով որոշվել է աստիճանաբար անցում կատարել Apple ընկերության արտադրած iPhone սմարթֆոններին։
Նախքան վերնջական որոշում կայացնելը, iOS ՕՀ-ով աշխատող սմարթֆոնները հանգամանորեն փորձարկումներ են անցել փորձագիտական լաբորատորիաներում։ Նման առաջադրանք ՌՕՈւ հրամանատարության կողմից տրվել է դեռևս 2011-ի հոկտեմբերին։ Փորձաքննության արդյունքում տրվել է եզրակացություն, որ որոշ փոփոխություններ ՕՀ-ում այդուամենայնիվ անհրաժեշտ են, բայց ընդհանուր առմամբ, սմարթֆոնը կարող է կիրառվել ՌՕՈւ կարիքները հոգալու համար։
Հավելենք, որ ստույգ տեղեկություններ չկան, թե ինչ գործառույթների իրականացման համար են ԱՄՆ բանակի ռազմաօդային ուժերում օգտագործում սմարթֆոնները։ Հիշեցնենք նաև, որ բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ բանակի կարիքների համար հարավկորեական Samsung ընկերությունից ձեռք է բերվել 7 000 պլանշետ։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *