Խաղաղության համար ինչ-որ պետք է կանենք, կարող եք հանգիստ լինել։ Սրանք մասնագիտությամբ հրետանավոր, զինված ուժերի տարեկից Խաչիկ Վահրադյանի խոսքերն են։ Ռազմինֆոն շարունակում է զրուցել ապագա սպաների հետ։
Կուրսանտ Վահրադյանը սովորում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Եվ քանի որ արդեն ունի մասնագիտություն, ռազմական ինստիտուտում սովորելու է մեկ տարի։
—Ո՞ր տարիքում հասկացաք, որ սպա եք ուզում դառնալ։
Եթե ասեմ՝ մանկության երազանք է, ապա կստեմ։ Մեկ տարի առաջ որոշեցի այստեղ ընդունվել։ Ավելի շատ սա առաջնային էր ինձ համար աշխատանք ունենալու պատճառով։ Այստեղ մեզ լավ հնարավորություն են տալիս։
—Ընտանիքը կո՞ղմ էր։
Այո, ընտանիքում բոլորն էլ կողմ էին, բայց վերջնական որոշում ընդունողը ես էի։
—Խաղաղություն ապահովելն այսօր բավական բարդ է։ Ի՞նչ է պահանջվում մեզնից։
Ինչ պետք է կանենք, կարող եք հանգիստ լինել։ Ավելի ճիշտ կփորձենք անել (Ժպտում է)։
—Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա կյանքը։
Դե չեմ մտածում, քանի որ այստեղ ավարտելուց հետո 3 տարի ծառայելու ենք։ Դեռ անորոշություն է, ոչինչ կոնկրետ չեմ կարող ասել։
—Ի՞նչ կփոխեք բանակային համակարգում։
Սպաների դաստիարակության հարցին լուրջ ուշադրություն կդարձնեի։ Կփորձեի բարելավել զինվոր-սպա և սպա-զինվոր հարաբերությունները։ Շատ ժամանակ ինչ-որ անհանդուրժողականության պատճառով էլ խնդիրներ են առաջանում։ Պետք է դրան ուշադիր լինենք։
—Կխոսե՞ք ֆիզիկական պատրաստվածության դերի մասին։
Ֆիզիկական պատրաստվածությունը շատ կարևոր է, բայց չպիտի մոռանանք նաև խելքի մասին։ Շատ դեպքերում խելքով ավելի շատ հարց կարող ես լուծել, քան միայն ֆիզիկական պատրաստվածությամբ։
—Ի՞նչ եք հասցրել սովորել այստեղ և ի՞նչ եք պատրաստվում ներդնել ծառայության մեջ։
Այս ամիսների ընթացքում շատ բան եմ հասցրել սովորել։ Եթե կարողանամ սովորածս ներդնել ծառայության ժամանակ ու մի բան էլ կատարելագործեմ, շատ լավ կստացվի։ Հնարավորինս ամեն ինչ անելու եմ։
—Հակառակորդի մասին պատկերացումներն ինչպիսի՞ն են։
Շատ վատ։ Մենք չենք կարող հանգիստ իրար կողք ապրել, դրա մասին պետք է մոռանանք։
Հարցազրույցը՝ Հասմիկ Մելիքսեթյան
Նկարը՝ Սոսե Մուրադյան
Հատուկ շնորհակալություն ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրամանատարությանը` շարքի պատրաստմանն աջակցելու համար: