Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել դիպուկահար հրացանների գնման մրցույթ։ ՊՆ տեսչական բաժինը հստակ սահմանել է նաև այն չափանիշները, որոնցով պետք է օժտված լինի դիպուկահար հրացանը։ Այս մասին հաղորդում է լեհական Defense 24
ռազմական լրատվակայքը։
Ըստ այդմ, Լեհաստանի զինված ուժերին անհրաժեշտ է դիպուկահար հրացան, որը լիցքավորվի պահունակով, քաշն առանց օպտիկական
սարքավորումների և փամփուշտների լինի յոթ կիլոգրամ։ Հրացանի չափերից բացի նշված են նաև մարտավարական տվյալները, որոնք պետք է ունենա հրացանը։
Պահանջվում է նշանառու կրակի ոչ պակաս, քան 1200 մ հեռավորություն, իսկ կենսունակության առումով հրացանը պետք
է ունակ լինի ծառայել 30 տարի կամ կատարել 10 000 կրակոց։
Ուշագրավ է նաև այն, որ լեհական բանակին անհրաժեշտ է դիպուկահար հրացան Պիկատինիի շերտաձողով, որին հնարավոր կլինի ամրացնել
գիշերային տեսողության օպտիկական սարք և նմանատիպ այլ սարքավորումներ։ Նշենք, որ հայտարարված մրցույթի շրջանակներում դիպուկահար
հրացանի մատակարարումից բացի, հաղթող ընկերությունը կպարտավորվի նաև վերապատրաստել 12 հրահանգիչ։
Մրցույթի հայտերի վերջնաժամկետ է սահմանված 2014-ի մարտի 5-ը, սակայն փորձագետներն արդեն իսկ նշում են, որ գլխավոր
հավակնորդներից մեկը կլինի հենց լեհական արտադրության ALEX-338 դիպուկահար հրացանը։ Այն իր բոլոր չափանիշներով
համապատասխանում է ներկայացված պահանջներին, իսկ որոշ դեպքերում էլ գերազանցում դրանք։
Նշենք միայն, որ լեհական ALEX-338 դիպուկահար հրացանը կարող է նշանառու կրակ վարել մինչև 2 000 մետր հեռավորության վրա
և խոցել ինչպես հակառակորդի կենդանի ուժն, այնպես էլ թեթև զրահապատ մեքենաները։