Ռուսաստանի ռազմաօդային ուժերը ստացել է առաջին հեռանկարային Տ-50 ՊԱԿ ՖԱ (ռուս՝ T-50 ПАК ФА) կործանիչը, որը պետք է պետական փորձարկումների փուլ անցնի։
Ինչպես հաղորդում է կործանիչների արտադրող «Սուխոյ» ընկերությունը, կործանիչն արդեն ժամանել է Ախտուբինսկի Չկալովի անվան պետական 929-րդ թռիչքային փորձարարական կենտրոն։
Նկատենք, որ 2014-ի փետրվարի սկզբին ՌԴ առևտրի ու արդյունաբերության նախարարության ավիաշիանական վարչության տնօրեն Անդրեյ Բոգինսկին հայտարարել էր՝ կործանիչի պետական փորձարկումների առաջին փուլը կկայանա 2015-ին, երկրորդը՝ 2016-ին։
Ներկայումս Գրոմովի անվան թռիչքային հետազոտական ինստիտուտի տարածքում ընթանում են 4 միավոր Տ-50-ի փորձարկումներ, արդեն ավարտվել է աէերոդինամիկ հատկանիշների փորձարկման փուլը։ Փորձարկել են նաև օդում վերալիցքավորման հնարավորությունները։
Տ-50-ը սկսել է առաջին թռիչքային փորձարկումները 2013-ի հոկտեմբերի 27-ին, այն օդ է բարձրացվել Ամուրի Կոմսոմոլսկի օդանավակայանից։
Հեղինակների բնորոշմամբ հինգերորդ սերնդի Տ-50 կործանիչը առաջին թռիչքը կատարել է 2010 թվականի հունվարի 29-ին, ցուցադրվել է հանրությանը 2011 թվականի օգոստոսի 17-ին ՄԱԿՍ միջազգային ավիացիոն ցուցահանդեսի ժամանակ։
Տ-50-ի առաջին նախատիպը, ըստ ՌԴ ՈՕՈւ հրամանատար Վիկտոր Բոնդարևի, ավարտել է կրակային փորձարկումները 2013-ի հոկտեմբերի վերջին։
Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը Տ-50-ի շահագործման մեկնարկը սահմանել է 2017-ին, ՊՆ-ն արդեն պատվիրել է 60 միավոր Տ-50։ Տ-50 կործանիչներով նախատեսվում է փոխարինել ՌԴ ՌՕՈւ Սու-27 ինքնաթիռները։
Նշենք նաև, որ «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը ոչ պաշտոնական հարթակում առաջարկ է արել Հարավային Կորեային 60 մարտական ինքնաթիռներ գնելու մրցույթի շրջանակներում իրենից ձեռք բերել Տ-50-ներ։
Ինքնաթիռի թևի բացվածքը 14 մ է, բարձրությունը՝ 4.8 մ, առավելագույն արագությունը՝ 2600 կմ/ժ։