Բրազիլիան նախապատվություն է տվել իսրայելական Heron անօդաչուին

Բրազիլիայի նավատորմը 2014-ի փետրվարի սկզբին հայտարարել է, որ նախապատվություն է տալիս իսրայելական Israel Aerospace Industries (IAI) արտադրության Heron անօդաչու թռչող սարքերին դրանց փորձարկումներից հետո։

իսրայելական Heron ԱԹՍ

իսրայելական Heron ԱԹՍ

Ինչպես հաղորդում է «Ջեյնս» ռազմական վերլուծական հանդեսը, դեռևս 2013-ին Բրազիլիան հաստատել էր, որ նավատորմի՝ Blue Amazon անունը կրող, ավելի քան 8 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրի շրջանակներում անօդաչու թռչող սարքեր են ձեռք բերվելու, սակայն միայն փորձարկումների մի քանի փուլ անցնելուց հետո։

Նկատենք, որ Բրազիլիան վաղուց է օգտագործում իսրայելական ԱԹՍ-ներ։ 2009-ի նոյեմբերին կնքված 350 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագրի շրջանակներում Բրազիլիան ստացելէ 11 միավոր Israel Aerospace Industries-ի արտադրության ԱԹՍ։

Անօդաչուները Բրազիլիային անհրաժեշտ են 2014-ին Ֆուտբոլի աշխարհի առաջնության և 2016-ի օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման բարձր մակարդակ ապահովելու համար։ Այս ընթացքում Բրազիլիան նախատեսում է նաև բարձրացնել զինուժի մարտական պատրաստվածությունը, ուժեղացնել սահմանամերձ շրջանների հսկողությունը։

Հավելենք, որ իսրայելական IAI ընկերությունն արդեն պատրաստել է Heron-ի ծովային տարածքներում կիրառվող տարբերակները, որոնք կրում են կառավարման, հետախուզության, շրջադիտման նոր համակարգեր, բացի այդ ունակ են օդում մնալ ավելի երկար ժամանակ։

Նախատեսվում է, որ նոր ԱԹՍ-ների մի մասը կտրամադրվի Բրազիլիայի ոստիկանական 4 բաժանմունքներին։ Այս պահի դրությամբ դեռևս հայտնի չէ, թե երբ է կնքվելու պայմանագիրը, և թե Բրազիլիան քանի միավոր ԱԹՍ է գնելու։

IAI Heron-ը բազմանպատակային հետախուզական անօդաչու է, իսրայելական արտադրության ամենամեծ պահանջարկ ունեցողԱԹՍ-ն է։

Առաջին թռիչքը կատարել է 1994-ին, հիմնական շահագործողներն են Իսրայելն ու Հնդկաստանը։ Մեկ միավորի արժեքն է մոտ 10 մլն ԱՄՆ դոլար։ ԱԹՍ-ի երկարությունը 8.50 մ է, բարձրությունը՝ 2.30 մ, թևի բացվածքը՝ 16.60 մ, զանգվածը՝ 450 կգ, առավելագույն արագությունը՝ 240 կմ/ժ, օդում մնում է առավելագույնը 46 ժամ։

Heron-ների շահագործող երկրներից է նաև Ադրբեջանը. 2012-ի դրությամբ Ադրբեջանի ՌՕՈւ-ն ունի 5 միավոր IAI Heron:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *