Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յուրի Դումանսկիյն ինքնակամ հրաժարական է տվել։ Նա հայտարարել է, որ չի ցանկանում մասնակից լինել ներկայումս Ուկրաինայում կատարվող «արյունահեղությանը»։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յուրի Դումանսկիյ
Ինչպես հաղորդում է ուկրաինական glavpost.com.ua լրատվակայքը, հղում կատարելով պաշտոնական աղբյուրներին, Դումանսկիյը շեշտել է. «Ներկա դրությամբ ուկրաինացի զինծառայողներին դրդում են միջամտել ներքին հակամարտությանը։ Դա կարող է հանգեցնել ոչ միայն զինծառայողների, այլև խաղաղ բնակիչների մահվան։ Սա անհանդուրժելի է, ուստի ես արտահայտել եմ իմ տեսակետը՝ որպես քաղաքացի, սպա, ղեկավար, որը պատասխանատու է զինծառայողների համար և հրաժարական եմ տվել»։
Նա նաև հավելել է, որ բազմիցս փորձել է Ուկրաինայի ներկայիս ղեկավարությանը, մասնավորապես նախագահին բացատրել իրավիճակի լրջությունը, կոչ անել չնպաստել արյունալի բախումների սրմանը, սակայն «Յանուկովիչն իր տեսակետն ունի, նա ոչ մեկին չի լսում»։
Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին էլ պաշտոնից ազատել էին երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Զամանին։ Հեռացման պատճառները մինչ օրս հայտնի չեն։
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը երկրում ցույցերի ալիքի բարձրացումից ի վեր մի քանի պաշտոնական հաղորդագրություններով հերքել էր, որ զինուժը որևէ կերպ միջամտում է ներքին բախումներին՝ միևնույն ժամանակ ընդգծելով՝ եթե երկրում հայտարարվի արտակարգ դրություն, ապա զինծառայողների մի մասին հարկադրված են լինելու իրավիճակի հանդարտեցման գործընթացում ներառել։
Նույն օրը սակայն հայտնի էր դարձել, որ օդադեսանտային զորքերի 500 զինծառայող ուղարկվել էին Կիև պաշտոնական վարկածով՝ զենք-զինամթերքի պահեստների պարեկության նպատակով։
Հավելենք նաև, որ ըստ պաշտոնական հայտարարությունների՝ Ուկրաինայի ներքին բախումներին զոհ է գնացել առնվազն 77 հոգի։