Պակիստանի օդուժը հարվածներ է հասցրել թալիբների պատսպարաններին. կան զոհեր

Պակիստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն օրերս ավիահարվածներ են հասցրել երկրի հյուսիս-արևմուտքում պատսպարված ահաբեկիչ թալիբների տեղակայման կետերին։ Ավիահարվածների հետևանքով սպանվել է առնվազն 30 հոգի։

Պակիստանի ՌՕՈւ կործանիչներ

Պակիստանի ՌՕՈւ կործանիչներ

Ինչպես հաղորդում է AFP լրատվական գործակալությունը, ավիահարվածներն ուղղված են եղել մի քանի բնակավայրերին, այդ թվում՝ Միր-Ալի քաղաքին, որը Հյուսիսային Վազիստանի կազմում է։

Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը, գործակալությանն ասել է, որ ներկա դրությամբ սպանվածների շարքում հաստատվել է 15 զինյալի առկայությունը, բացի այդ, շեշտել է՝ ավիահարվածների հետևանքով սպանվել են նաև այլ երկրների քաղաքացիներ։

Նշենք, որ ավելի վաղ «Թալիբան» խմբավորման զինյալները հայտարարել էին՝ սպանել են Պակիստանի զինուժի 23 զինծառայողի, որոնց առևանգել էին դեռևս 2010-ին Պակիստանի ու Աֆղանստանի սահմանային անցակետում և տևական ժամանակ պահում էին որպես պատանդների։

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Պակիստանի իշխանությունները մշտապես դժգոհություններ էին հայտնում, որ ԱՄՆ զինուժը երկրի տարածքում անօդաչու թռչող սարքերից պարբերաբար ավիահարվածներ էր հասցնում զինյալների հավանական պատսպարաններին, որոնց հետևանքով այնուհանդերձ սպանվում էին նաև մեծ թվով խաղաղ բնակիչներ։

Բացի այդ, Պակիստանի կառավարությունը պնդում էր՝ ԱՄՆ-ն իր ավիահարվածներով խոչընդոտում է թալիբների հետ իրենց բանակցություններին։ Այս ամենի արդյունքում 2014-ի փետրվարի սկզբին ԱՄՆ-ն հայտարարեց՝ որոշ ժամանակ Պակիստանի տարածքում ԱԹՍ-ներ չի գործածի։ Ստացվում է՝ Պակիստանի իշխանությունները որպես խոչընդոտ էին ներկայացնում ԱՄՆ-ի ռազմական միջամտությունը, սակայն ներկայումս բանակցությունները փաստացիորեն կասեցված են, ավիահարվածներ էլ ԱՄՆ-ի անօդաչուների փոխարեն հասցնում են Պակիստանի ՌՕՈւ ինքնաթիռները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *