Հնարավոր է արգելքի սահմանում Ուկրաինային զենք-զինամթերք տրամադրելու վրա

Եվրամիությունը որոշել է զենք-զինամթերքի մատակարարման էմբարգո (արգելք) սահմանել Ուկրաինային սպառազինություն տրամադրելու վրա՝ հաշվի առնելով երկրում օրերս ընթացող ներքին բախումները, որոնց զոհ է գնացել առնվազն 77 հոգի։

Ներքին բախումներ Ուկրաինայում

Ներքին բախումներ Ուկրաինայում

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, արգելքներ են դրվելու նաև առանձին անձանց գործունեության վրա, որոնց Եվրամիությունը պատասխանատու կհամարի ցուցարարների և ոստիկանների բախումների հարցում։

Նկատենք, որ էմբարգոյի վերջնական տեքստը դեռևս պատրաստ չէ, քննարկվել է միայն նախնական տարբերակը։ Վերջնական որոշումը կհրապարակվի Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների՝ Ուկրաինայի խնդրի շուրջ հրավիրված խորհրդակցությունից հետո։

Այնուհանդերձ, «Ռոյթերսը», հղում տալով սեփական աղբյուրներին, գրում է՝ էմբարգոն վերաբերելու է հիմնականում այնպիսի զինամթերքին ու զենքի տեսակներին, որոնք գործածվում են ցույցերը ցրելու ժամանակ։

Լուրեր են շրջանառվում, որ բացի էմբարգոյից, սպասվում են վիզային սահմանափակումներ Ուկրաինայի ներկայիս պաշտոնատար անձանց համար։

Հիշեցնենք, որ Ուկրաինայում ցույցերը վերածվեցին արյունալի բախումների փետրվարի 18-ին։

Ուժային կառույցները ցուցարարներին Գերագույն ռադայի շենքի մերձակայքից հարկադրել էին հեռանալ դեպի Մայդան՝ օգտագործելով ջրցան մեքենաներ։
Նախօրեին Գերագույն ռադան պետք է քննարկեր 2004-ի Սահմանադրությանը վերադառնալու հավանականությունը։ Այն ըստ էության սահմանափակելու էր գործող նախագահի լիազորությունները՝ դրանց մի մասը փոխանցելով կառավարությանն ու խորհրդարանին։

Բացի այդ, կառավարությունը վերջնագիր էր ներկայացրել ցուցարարներին. եթե մինչև փետրվարի 18-ը չդադարեցնեն «անկարգությունները, ուժային կառույցները հարկադրված կլինեն սեփական միջոցներով ցրել ցույցը»։

Նկատենք, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը մի քանի պաշտոնական հաղորդագրություններով հերքել էր, որ զինուժը որևէ կերպ միջամտում է ներքին բախումներին։ Սակայն պաշտպանության նախարարն ընդգծել էր՝ եթե երկրում հայտարարվի արտակարգ դրություն, ապա զինծառայողների մի մասին հարկադրված են լինելու իրավիճակի հանդարտեցման գործընթացում ներառել։

Փետրվարի 18-ին հայտնի էր դարձել՝ ՊՆ-ն այնուհանդերձ Կիև էր ուղարկել օդադեսանտային զորքերի 500 զինծառայողի, սակայն պնդում է, որ ոչ թե ցույցերին միջամտելու, այլ ռազմակայանների պարեկության համար։

Փետրվարի 19-ին էլ պաշտոնից ազատել էին երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Զամանին։ Հեռացման պատճառները հայտնի չեն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *