Իրաքի մայրաքաղաք Բաղդադից 40 կմ դեպի հարավ տեղակայված ալ-Մուսաիբ քաղաքում փետրվարի 20-ին անհայտ անձինք ականանետերից կրակ են բացել՝ վիրավորելով 50, սպանելով 22 հոգու:
Ինչպես հաղորդում է AP լրատվական գործակալությունը, քաղաքի վրա նետել են ականանետի հինգ արկեր: Ընդ որում, դրանք պայթել են քաղաքային շուկայում, ավտոմեքենաների կայանում, բնակելի թաղամասերում:
Պայթյունների պատասխանատվությունը դեռևս որևէ խմբավորում չի ստանձնել, սակայն համաձայն նախնական տվյալների՝ ականանետերից կրակն արձակվել է հարևան Ջուրֆ աս-Սաքր քաղաքից, որը բնակեցված է հիմնականում սուննի մուսուլմաններով:
Նկատենք, որ վերջին շրջանում Իրաքում մեծ թիվ են կազմում ահաբեկչություններն ու պայթյունները: Միայն 2013-ի ընթացքում նման գործողությունների զոհ է գնացել առնվազն 6 հազար մարդ: Դրանց պատճառը թերևս սուննի և շիա մուսուլմանական համայնքների հակասություններն են: Դրանք էլ ավելի սրվեցին, երբ Սադամ Հուսեյնի հեռացումից հետո պետական բարձր պաշտոնները սկսեցին զբաղեցնել շիաները: