Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի մոտոհրաձգային բրիգադների հետախուզական ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են վարժանքներ՝ ՊՍՆՌ-8Մ (ռուս.՝ ПСНР-8М) ցամաքային հետախուզության շարժական կայանի կիրառմամբ։ Այս մասին հաղորդում է ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Հետախուզական կայանը նախատեսված է մինչև 32 կմ հեռավորության վրա թիրախների հայտնաբերման համար։ Ընդ որում, դրանց հայտնաբերումը կայանն իրականացնում է նույնիսկ եթե թիրախն ամբողջությամբ դուրս է տեսադաշտից։ ՊՍՆՌ-8Մ շարժական հետախուզական կայանը կարող է աշխատել մինչև 40 աստիճան ցրտի պայմաններում, իսկ մարտկոցներն ապահովում են կայանի աշխատանքը 12 ժամվա ընթացքում։
Վարժանքների ընթացքում հետախուզական ՊՍՆՌ-8Մ կայանի միջոցով զինծառայողները իրականացրել են ինչպես վերգետնյա, այնպես էլ օդային թիրախների հայտնաբերում, ցերեկային և գիշերային ժամերին։ Հետախույզների առաջադրանքն է եղել նաև հայտնաբերված թիրախների (շինություն, ռազմատեխնիկա և այլն) տեղակայման վայրերի՝ էլեկտրոնային քարտեզի վրա նշումն ու դրանց փոխանցումը հրամանատարությանը։
Հավելենք, որ ՊՍՆՌ-8Մ շարժական հետախուզական կայանը կարող է համակցված աշխատել նաև հրետանու հետ՝ դրան փոխանցելով հայտնաբերված թիրախների ստույգ կոորդինատները։