Հայաստանում ռուսաստանյան ավիաբազայի օդաչուների թռիչքներն ավելացել են 15 տոկոսով

Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազայի օդաչուներն իրականացրել են ուսումնական 150 թռիչք։ Դրանց արդյունքում յուրաքանչյուր օդաչուի թռիչքաժամը միջինը կազմել է 15 ժամ, ինչը 15 տոկոսով ավել է նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այս մասին հաղորդում է ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

ՄիԳ-29 կործանիչ. ՌԴ ՌՕՈւ

ՄիԳ-29 կործանիչ. ՌԴ ՌՕՈւ

Ուսումնական թռիչքներն իրականացվել են ՄիԳ-29 (ռուս.՝ МиГ-29) կործանիչներով։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել փոքր բարձրության և մառախուղի պատճառով առաջացած ցածր տեսանելիության պայմաններում օդաչուների մասնագիտական ունակությունների կատարելագործմանը։ Թռիչքները դժվար են եղել նաև դրանց՝ լեռնային պայմաններում իրագործվելու պատճառով։

Ինչպես նշում է հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, ուսումնական թռիչքների նպատակը ոչ միայն կործանիչների կառավարման վարպետության հղկումն է, այլև դրանց մարտական գործառույթների տիրապետման կատարելագործումը։ Այդ նպատակով կազմակերպվում են օդային մենամարտեր, որոնց ընթացքում օդաչուներն իրենց կործանիչներով որսում են միմյանց և պայմանականորեն խոցում թիրախները։ 2014-ին ընդհանուր առմամբ իրականացվել է նմանատիպ 50 օդային մենամարտ՝ 500-ից 8 000 մետր բարձրության վրա։

Հավելենք, որ ներկայումս այս ամենից բացի, ռուսաստանցի ռազմական օդաչուները պատրաստվում են նաև փետրվարի 23-ին՝ հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ ցուցադրական թռիչքներ իրականացնելուն։

Հիշեցնենք, որ Հայաստանում ռուսաստանյան ավիաբազան մարտական հերթապահություն է կրում ԱՊՀ անդամ պետություների Միացյալ ՀՕՊ համակարգի կազմում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *