Ուկրաինայի ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոն փետրվարի 20-ին ստորագրել է հրամանագիր, որով թույլատրել է մարտական զենք տրամադրել իրավապահներին։ Վերջիններիս թույլատրվել է նաև կիրառել այդ զենքը Ուկրաինայի՝ ոստիկանության մասին օրենքի սահմաններում։ Այս մասին հաղորդող պաշտոնական հաղորդագրությունը տեղադրվել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքում:
Հաղորդագրությունում ասվում է, որ վերջին օրերին իրավապահ մարմինները բազմիցս կոչ են արել ցուցարարներին չգնալ հակաօրինական քայլերի և վերադառնալ բողոքի ակցիաների խաղաղ բնույթին։ Սակայն այդ հորդորները մնացել են անհետևանք, իսկ ծայրահեղ դիրքորոշում բռնած ցուցարարները շարունակում են ավերածություններ պատճառել, ներխուժել պետական կառույցների ադմինիստրատիվ շենքեր։
Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տարածած հաղորդագրությունում նաև նշվում է, որ փետրվարի 20-ին ցուցարարները մարտական փամփուշտներով նշանառու կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ։ Ներկայումս ՆԳՆ 29 աշխատակից հրազենային վնասվածքով հիվանդանոցում է, կան նաև զոհվածներ։
Հետագա արյունահեղությունը կանխելու նպատակով Ուկրաինայի անվտանգության ծառայության հակաահաբեկչական կենտրոնի գործառույթների շրջանակներում ՆԳՆ ղեկավարի կողմից ստորագրվել է հրամանագիր, որով իրավապահներին տրվել է մարտական զենք և այն կիրառելու թույլտվություն։
Նշենք, որ փետրվարի 20-ին համացանցում հայտնվել են բազմաթիվ տեսանյութեր, որոնցում երևում է, որ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ծայր առած զանգվածային անկարգությունները կանխել փորձող իրավապահներին տրված է Կալաշնիկովի ինքնաձիգեր։ Որոշ տեսանյութերում երևում է նաև, որ իրավապահներն այդ մարտական զենքը կիրառում են։
<iframe width=”460″ height=”259″ src=”//www.youtube.com/embed/T6IbEIBhb8o” frameborder=”0″ allowfullscreen></iframe>