Լեհաստանի զինուժը կհամալրվի տեղական արտադրության նոր գնդացիրներով

Լեհական բանակի սպառազինությունում այսուհետ օգտագործվելու է UKM-2000M գնդացիրը։ Այն փոխարինելու է նախկինում օգտագործվող UKM-2000-ը, որից լեհական բանակում առկա է շուրջ 1200 հատ։ Ինչպես կարելի է նկատել գնդացիրների ինդեքսներից՝ նոր գնդացիրը UKM-2000-ի արդիականացված տարբերակն է։ Հետևակայինների սպառազինությունում սպասվող փոփոխությունների մասին է հաղորդում լեհական Altair ռազմական լրատվակայքը։

Արդիականացված գնդացիրների արտադրությունն իրականացվելու է Լեհաստանի Տարնով քաղաքի մեխանիկական գործարանում։ Գնդացիրը նախագծվել է երկրի ռազմատեխնիկական ակադեմիայում և օգտագործում է ՆԱՏՕ-ի 7.62х51 փամփուշտներ։ Այն օժտված է Պիկատինիի շերտաձողով՝ օպտիկական սարքերի և լրացուցիչ այլ սարքավորումների ամրացման համար։

Նշենք, որ լեհական ռազմական արդյունաբերությունն առաջիկայում կներկայացնի ևս մի քանի գնդացիր, որոնք նախատեսված են հետևակի համար։ Բացի այդ, արդիականացման կենթարկվեն ներկայումս շահագործվող UKM-2000 P, C և D գնդացիերները, որոնք օգտագործում են հիմնականում Լեհաստանի ուժային կառույցներն ու ռազմական ոստիկանությունը։  Արդիականացման արդյունքում գնդացիրները դառնալու են ավելի հուսալի, մեծանալու է կրակի դիպուկության աստիճանը, ինչպես նաև որոշ խմբաքանակների դեպքում գնդացիրները լինելու են ծալվող կոթով։

Հավելենք, որ լեհական UKM-2000 գնդացիրը շահագործման է հանձնվել 2000 թվականին։ Գնդացիրը մեկ րոպեում արձակում է 600-ից 700 գնդակ, որոնց սկզբնական արագությունը 840 մ/վ է։ Արդիականացված տարբերակի տեխնիկական տվյալների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *