Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն օրերս հայտարարել է՝ ՌԴ-ի զինուժը շահագործում է շուրջ 500 միավոր անօդաչու թռչող սարքեր, որոնք կիրառվում են հետախուզության, կապի հաստատման, ալիքների վերահեռարձակման, մարտական տարբեր նպատակներով։
Ինչպես հաղորդում է Defense News ռազմական վերլուծական հանդեսը, Շոյգուի խոսքերով՝ ՌԴ-ն նախատեսում է մինչև 2020 թվականն անօդաչու թռչող սարքերի ձեռքբերման համար ծախսել 320 մլրդ ռուսական ռուբլի (մոտ 8 մլրդ 811 մլն 594 հազար ԱՄՆ դոլար)։
Նախարարը նաև հավելել է, որ ՌԴ ՊՆ-ի նախաձեռնությամբ ԱԹՍ-ների տարբեր փորձարկումներ են ընթանում, և այժմ հիմնականում կենտրոնացած են այն համալիր փորձարկումների վրա, որոնց ընթացքում ԱԹՍ-ները պետք է 100 ժամ անընդմեջ ստույգ գրանցեն վերգետնյա օբյեկտների տեղաշարժը։ Շոյգուն խոստովանել է, որ իրենց ունեցած ոչ բոլոր ԱԹՍ-ներն են հաղթահարում նման փորձարկումը։
«100 ժամ անընդմեջ գործող ԱԹՍ-ներ ստանալու համար Վորոնեժում գիտական վաշտը թվով հինգ ծրագիր է մշակել»,-նկատել է նախարարը։
Հիշեցնենք, որ Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի զինվորականները փետրվարի 10-ին սկսել էին «Նավոդչիկ-2» նոր անօդաչու թռչող սարքի փորձարկումները։ Փետրվարի 18-ին հայտնի էր դարձել, որ «Նավոդչիկ-2»-ն այս ռազմաբազայում արդեն կիրառում են վարորդների ու վարորդ-մեխանիկների հետ մարտավարական վարժանքներ անցկացնելիս, զրահատեխնիկայի երթերի ժամանակ։