Հնդկաստանի վերահսկող ծառայությունն իր վերջին զեկույցում նշել է, որ Տ-90 տանկերը, որոնք հնդկական զինված ուժերը ձեռք է բերել Ռուսաստանից, չունեն օդափոխիչներ, ինչից տուժում են ոչ միայն տանկերի անձնակազմերը, այլև փչանում են սարքավորումները։
Ծառայության զեկույցում նշված է նաև, որ տանկերը պաշտպանության նախարարությունը գնել է առանց օդափոխիչները՝ չնայած տանկերը Ռուսաստանում փորձարկողների հորդորներին, ինչի մասին հայտնում է The Times of India պարբերականը:
Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը, արձագանքելով զեկույցին, հայտարարել է, որ նշված տանկերը ձեռք բերելուց հետո դրանք փորձարկել է Ռաջաստան անապատում, որտեղ, սակայն, տանկերը խնդիրներ չեն առաջացրել։
Պարզվել է, որ տանկային անձնակազմերը շոգին դիմանալու համար տանկերը վարել են բաց լյուկերով։ Հետագայում տանկերը կիրառելու արդյունքում հայտնաբերվել է, որ բացի անձնակազմերին անհարմարություն պատճառելուց, օդափոխիչների բացակայությունը աստիճանաբար փչացնում է նաև տանկերի սարքավորումները, մասնավորապես հրթիռների բացթողման կայաններն ու ջերմացույց սարքերը։
Խնդրի հետ առնչվելուց հետո Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը 2002-ին որոշել է առանձին գնել օդափոխիչներ ու դրանք տեղադրել տանկերի վրա, սակայն վերահսկիչ ծառայության զեկույցից պարզ է դառնում, որ այս ուղղությամբ որևէ գործնական քայլ չի կատարվել։
Զեկույցի համաձայն՝ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունն այս հանգամանաքը հաշվի չի առել նաև հնդկական Arjun ազգային տանկի նախագծման ժամանակ։ Նախագծողները տանկերի վրա օդափոխիչ չեն տեղադրել՝ համարելով այն ավելորդություն։
Հնդկաստանը առաջին երեք Տ-90 տանկերը փորձարկումների համար Ռուսաստանից գնել է դեռևս 1999-ին։ 2001-ին երկու կողմերը կնքել են 310 միավոր Տ-90 տանկերի գնման պայմանագիր, որի գինը կազմել է շուրջ 1 մլրդ ԱՄՆ դոլար։ 2006-ին Հնդկաստանը գնել է ևս 330 տանկ, որոնց համար վճարել է շուրջ 800 մլն ամերիկյան դոլար։ 2007-ին Հնդկաստանը գնել է ևս 347 Տ-90 տանկ, որի համար վճարել է 1,2 մլրդ ամերիկյան դոլար։
Իսկ դեռևս 2001-ին Հնդկաստանը Ռուսաստանի հետ կնքել է 1 մլրդ ԱՄՆ դոլարի պայմանագիր, որով հնդկական գործարաններում արտոնագրով 1000 Տ-90 տանկեր արտադրելու իրավունք է ստացել։ Հնդկաստանում արտադրված առաջին տանկերը զինված ուժերին են տրամադրվել 2009-ին, իսկ տանկերի արտադրության ավարտը նախատեսված է 2020-ին։ Հնդկաստանում արտադրված տանկերը ստացել են «Բհիշմա» անվանումը։