Իսրայելցիներն Իրան են ուղարկել կործանիչի բաղադրիչներ

Զենք-զինամթերքի ու սպառազինության առևտրով զբաղվող իսրայելցիները Հունաստանի միջոցով Իրան են ուղարկել McDonnell Douglas F-4 Phantom II կործանիչի համար նախատեսված պահեստամասեր։

McDonnell Douglas F-4 Phantom II կործանիչ, Իրանի ՌՕՈւ

McDonnell Douglas F-4 Phantom II կործանիչ, Իրանի ՌՕՈւ

Այս մասին հաղորդում է 9tv.co.il իսրայելական լրատվակայքը՝ հղում կատարելով հունական աղբյուրներին։

Համաձայն աղբյուրի՝ բեռնափոխադրումն իրականացվել է հունական դրածո Tassos Karras SA ընկերության կողմից, որի սեփականատերը Մեծ Բրիտանիայի քաղաքացի է։  Ապօրինի բեռնափոխադրման փաստը հայտնաբերել են ամերիկյան հատուկ ծառայությունները, որոնք Հունաստանի ազգային անվտանգության ծառայության՝ տնտեսական հանցանքների դեմ պայքարի վարչության հետ համատեղ տևական ժամանակ հետևել են իսրայելցիներին՝ բավարար ապացույցներ հավաքագրելու նպատակով։

Արդյունքում պարզվել է՝ Հունաստան են հասել Phantom II կործանիչի համար անհրաժեշտ պահեստամասերի երկու բեռ. առաջինն ուղարկվել է 2012-ի դեկտեմբերին, մյուսը՝ 2013-ի ապրիլին։ Որպես ուղարկման վայր նշվում է Իսրայելի Բինյամինի շրջանը, իսկ ստացող հունական շրջանի անունը չի հաղորդվում։

Mignews.com կայքի փոխանցմամբ էլ՝ Հունաստանում դատարանն արդեն որոշում է կայացրել առգրավել երկու բեռներն էլ ու տրամադրել դրանք ԱՄՆ-ին։

Այս պահի դրությամբ այլ մանրամասներ հայտնի չեն։

Նշենք, որ McDonnell Douglas F-4 Phantom II կործանիչն արտադրում է ամերիկյան McDonnell Douglas ընկերությունը, առաջին թռիչքը կատարել է 1958-ին, շահագործման է հանձնվել 1961-ին։ ԱՄՆ-ն դուրս է բերել դրանք իր զինուժի շահագործումից 1992-ին։ Հիմնական շահագործողներից են Իրանն ու Իսրայելը. 1980 թվականի դրությամբ Իրանն ուներ 188 միավոր նման ինքնաթիռ։ Կործանիչի զանգվածը 12 701 կգ է, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 7275 կգ, արագությունը՝ 2528 կմ/ժ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *