Ուկրաինայում շրջվել է զինվորական բեռնատար. զոհվել է 3 օդադեսանտային

Ուկրաինայում շրջվել է 25-րդ օդադեսանտային բրիգադի զինծառայողներին տեղափոխող զինվորական բեռնատարը։ Երեք դեսանտային մահացել է, ևս ինը հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափովվել են հիվանդանոց։ Այս մասին հաղորդում է Դնեպրոպետրովսկ քաղաքի կայքը։

Վթարի ենթարկված Ուրալ բեռնատարը

Վթարի ենթարկված Ուրալ բեռնատարը

Ինչպես հայտնել են պետավտոտեսչության տարածքային բաժանմունքում, փետրվարի 20-ի առավոտյան ժամը 7։00-ի սահմաններում զինվորական ավտոշարասյան Ուրալ բեռնատարներից մեկը Պեսշանկա բնակավայրի մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու շրջվել։ Բեռնատարի ղեկին եղել է 22-ամյա զինծառայող, վթարի պատճառները պարզելու համար տարվում է հետաքննություն։

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 19-ին, Ուկրաինայի պաշտպանության նախարար Պավել Լեբեդևը պաշտոնապես հաստատել էր լուրը, որ զինված ուժերի օդադեսանտային բրիգադներից մեկի թվով 500 զինծառայող Դնեպրոպետրովսկից բերվում է Կիև՝ կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունն ուժեղացնելու նպատակով։

Հավելենք սակայն, որ դեռևս հայտնի չէ՝ արդյո՞ք վթարի ենթարկված զինծառայողները հենց այն դեսանտայիններն են, ովքեր մեկնում էին մայրաքաղաք, քանի որ ըստ շրջանառվող լուրերի, զինվորական ավտոշարասյունը վերադառնում էր Ղրիմում ընթացող երկօրյա զորավարժությունից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *