Պակիստանը զրահափոխադրիչներ է գնում զինյալների դեմ պայքարի համար

Սերբական Lazar-2 զրահափոխադրիչները, որ գնում է Պակիստանը, տրամադրելու են պակիստանյան Սինդ նահանգի ոստիկանությանը։ Նահանգին, որի վարչական կենտրոնը երկրի մայրաքաղաք Կարաչին է, մեքենաները պետք են զինյալ խմբավորումների դեմ պայքարելու համար։

MRAP դասի սերբական Lazar 2 զրահափոխադրիչը

MRAP դասի սերբական Lazar 2 զրահափոխադրիչը

Պակիստանի ու Սերբիայի կնքած պայմանագրով նախատեսված է, որ սերբական կողմը պակիստանյան նահանգի ոստիկանությանը հանձնելու է 20 զրահափոխադրիչ, որի համար ստանալու է շուրջ 12 մլն ամերիկյան դոլար։

Ըստ ռուսաստանյան Ռազմավարության ու տեխնոլոգիայի ուսումնասիրման կենտրոնի բլոգի՝ այս զրահափոխադրիչների անհրաժեշտությունը կա այն պատճառով, որ նահանգի ոստիկանության տրամադրության տակ եղած 79 հետևակի մարտական մեքենաներն ու զրահափոխադրիչները չեն ապահովում անհրաժեշտ պաշտպանությունը։

Դրանց զրահը պաշտպանում է մինչև 7,62×51 մմ փամփուշտներից, իսկ դա բավական չէ պայքարելու համար պակիստանցի զինյալների դեմ, որոնք աստիճանաբար զինվում են ավելի խոշոր տրամաչափի սպառազինությամբ։

Ի տարբերություն ոստիկանության ունեցած զրահափոխադրիչների՝ Lazar-2-ներն ապահովում են պաշտպանություն մինչև 12,7×108 մմ փամփուշտներից (կամ մինչև 200 մետրից կրակված 14,5×114 մմ փամփուշտներից), ինչպես նաև ինքնաշեն պայթուցիկ սարքերից։ Այս պատճառով պակիստանցիները զրահափոխադրիչների համար չեն անցկացրել մրցույթ ու միանգամից գնել են սերբական մեքենաները։

Ըստ արտադրող ընկերության՝ Պակիստանը 2013-ին գնել է ևս 3 Lazar-2 զրահամեքենաներ՝ զորային փորձարկումներ իրականացնելու համար։

8×8 Lazar-2 զրահափոխադրիչների նախագծումը կատարել է սերբական պետական Yugoimport-SDPR ընկերությունն ու առաջին անգամ մեքենան ներկայացրել է 2013-ին։ Զրահապատ մեքենան MRAP դասի է ու ունի V-աձև հատակ, ինչը բարձրացնում է նրա պաշտպանվածությունն ականային պայթյուններից։

Մեքենան ապահովում է ՆԱՏՕ-ի STANAG 4569 4-րդ մակարդակի պաշտպանություն, ինչը նշանակում է, որ այն պաշտպանված է մինչև 10 կգ պայթուցիկ նյութի լիցքով ֆուգասային հակատանկային ականի պայթյունից։

Զրահամեքենան զինված է 30 մմ թնդանոթով ու 7,62 մմ գնդացրով։ Անձնակազմը 3 հոգի է, տեղափոխվող դեսանտայինների թիվը՝ 9։ Մեքենայի զանգվածը շուրջ 28 տոննա է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *