Փետրվարի 18-ին ուսումնական թռիչքի ժամանակ վայր է ընկել Կոլումբիայի ռազմաօդային ուժերին պատկանող, իսրայելական արտադրության Kfir կործանիչը։ Օդաչուներից մեկը մահացել է, մյուսը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։
Ինչպես հաղորդում է Կոլումբիայի ՌՕՈւ մամուլի ծառայությունը, միջադեպը գրանցվել է տեղական ժամանակով 04:53-ին կենտրոնական Կալդաս նահանգում։ Ընդ որում, օդաչուներից մեկը փրկվել է կատապուլտի օգնությամբ, ներկայումս Կունդինամարակա նահանգի Պուերտո-Սալգար ավիակայանի հոսպիտալում է։ Մյուս օդաչուն չի հասցրել կատապուլտով դուրս գալ, մնացել է ինքնաթիռում ու մահացել վայր ընկնելու ժամանակ։
Կոլումբիայի ՌՕՈւ-ից հայտնում են, որ փաստի առնչությամբ արդեն հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն, ինչն էլ կպարզի վթարի պատճառները։ Նախնական վարկածներ առաջ չեն քաշվում։
Նկատենք, որ դեռևս 2009-ի հուլիսին Կոլումբիան կորցրել է ևս մեկ Kfir կործանիչ ավիավթարի հետևանքով, երկու օդաչուներն էլ մահացել են։ 2013-ի սեպտեմբերի 27-ին կոլումբական նույն տիպի ինքնաթիռը կրկին վայր է ընկել, այս անգամ օդաչուներին հաջողվել է փրկվել։
Հարկ է նշել նաև, որ Իսրայելը դուրս է բերել Kfir կործանիչներն իր զինուժի շահագործումից 2013-ի հունիսին՝ հայտարարելով, որ վաճառքի է հանում դրանք։ Kfir-ները շահագործվում են հիմնականում Շրի Լանկայում, Էկվադորում, Կոլումբիայում։
Հետաքրքիր է, որ իսրայելական արտադրության այս ինքնաթիռից շահագործող երկրներում դժգոհություններ կան։ Էկվադորն այս պահի դրությամբ կորցրել է 5 Kfir, բոլորն էլ ավիավթարների պատճառով։ Մասնավորապես, աղմկահարույց էր այն միջադեպը, երբ երկրի ռազմաօդային ուժերի տարելիցի ավիաշքերթի օրը Kfir կործանիչներից մեկը վայր ընկավ օդում բարդ պիլոտաժային մանևրներ կատարելիս. մահացել էր ոչ միայն օդաչուն, այլև 8 քաղաքացիական անձ։
Kfir կործանիչն ունի 2440 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի հեռավորությունը՝ 1300 մ, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 14670 կգ, երկարությունը՝ 15.65 մ, բարձրությունը՝ 4.55 մ, թևի բացվածքը՝ 8.21 մ։