Շվեյցարական կործանիչների օդաչուները եղել են տանը, երբ ստեղծվել է արտակարգ իրավիճակ

Շվեյցարիայի ռազմաօդային ուժերում չի եղել հերթապահող ոչ մի օդաչու, երբ հարկ է եղել կործանիչներ բարձրացնել՝ եթովպական քաղաքացիական առևանգված ինքնաթիռն ուղեկցելու համար։ Ռազմական օդաչուների աշխատանքային ժամն ավարտված է եղել, երբ տեղի է ունեցել միջադեպը։ Այս մասին գրում է շվեյցարական Tagesanzeiger պարբերականը։

Շվեյցարիայի ՌՕՈւ F-18C կործանիչ

Շվեյցարիայի ՌՕՈւ F-18C կործանիչ

Եթովպական ավիաուղիներին պատկանող Բոինգ 767-300 (անգլ.՝ Boeing 767-300) ինքնաթիռը ուղևորվում էր իտալական Միլան քաղաք, երբ թռիչքի ժամանակ երկրորդ օդաչուն փակվել է օդաչուական խցիկում և ինքնաթիռն ուղղել դեպի Շվեյցարիա։ Օդանավի առևանգման մասին հայտնի է դարձել վերջինիս՝ Սուդանի օդային տարածքով անցնելու ժամանակ։ Երբ առևանգված Բոինգը հասել է Իտալիա, դրան սկսել են ուղեկցել այդ երկրի ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) Eurofighter կործանիչները։ Ֆրանսիայի օդային սահմանների մոտ իրենց իտալացի գործընկերներից ուղեկցումն ընդունել են Ֆրանսիայի ՌՕՈւ օդաչուները՝ Mirage 2000 կործանիչներով։

Սակայն երբ առևանգված ինքնաթիռը հատել է Շվեյցարիայի օդային սահմանը, պարզվել է, որ երկրի ռազմաօդային ուժերը չի կարող կործանիչներ բարձրացնել, քանի որ եղել է ոչ աշխատանքային ժամ ռազմական օդաչուների համար։ Ֆրանսիական կործանիչները ստիպված են եղել շարունակել օդանավի ուղեկցումը մինչև Ժնևի օդանավակայան, որտեղ ինքնաթիռն առևանգած երկրորդ օդաչուն հանձնվել և քաղաքական ապաստան է խնդրել։

Առհասարակ, որքան էլ զարմանալի լինի՝ Շվեյցարիայի ՌՕՈւ օդաչուների աշխատանքային օրը սկսվում է առավոտյան ժամը 08:00-ին և ավարտվում 17:00-ին։ Այս ժամերից դուրս փաստորեն նույնիսկ եթե ծագել է արտակարգ իրավիճակ, երկրի ռազմաօդային ուժերը դրան արձագանքել չեն կարող։ Իսկ շուրջօրյա հերթապահություն ռազմական օդաչուներն իրականացնում են միայն, երբ Դավոսում ընթանում է միջազգային տնտեսաական համաժողով՝ տարբեր երկրների ղեկավարների մասնակցությամբ։

Հավելենք՝ Շվեյցարիայի պաշտպանության նախարարությունում պարզաբանել են, որ օդաչուների՝ սահմանափակ ժամերի ծառայության կազմակերպումն արված է ֆինանսական միջոցների տնտեսման նպատակով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *