22 տարի առաջ կազմավորվեց ՀՀ զինված ուժերը։ Այսօր մեր զինուժի տարեկից տղաներն ընտրել են ռազմական ուղին և իրենց կյանքը կապել բանակի ապագայի հետ։ Ռազմինֆոն շարունակում է ներկայացնել իր շարքի հերոսներին։
Այսօրվա մեր զրուցակիցը ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտ Մինաս Մելիքյանն է։ Նա ՀՕՊ զորքերի զինծառայող է։
—Ինչպե՞ս ընդունվեցիք ռազմական ինստիտուտ։ Հե՞շտ էր։
Մեկ անգամ դիմում էի գրել, չընդունվեցի, հետո նորից քննություններ տվեցի ու բարեհաջող անցավ։
—Երբ առաջին անգամ չստացվեց, շա՞տ էիք վհատվել։
Ես նեղվում էի, որովհետև մայրս էր նեղվում։ Նա ինձնից շատ էր ուզում, որ այստեղ ընդունվեմ։ Ես նախապես ուզում էի օդաչու դառնալ, հետո որոշակի խնդիրներ առաջացան, այդպես որոշեցի հակաօդային պաշտպանությունում շարունակել։
—Իսկ ի՞նչը ստիպեց զինվորական ուղին ընտրել, Ձեր մայրիկի ազդեցությո՞ւնն էր։
Ես փոքրուց, երբ նորմալ գրել էլ չգիտեի, ալբոմներում տիեզերանավեր էի նկարում, մինչև հիմա նկարները կան։ Տիեզերական մի հաղորդում էլ կար, անընդհատ նայում էի, իմ սեփական նախագծերն ունեի։ Այն, որ ես պետք է երկրից կտրվեմ, դա դեռ մանկուց եղել է ինձ համար շատ կարևոր բան։ Պապիկս ինձ մի գրքույկ էր տվել, մեջը գրել էր օդաչու-տիեզերագնաց ու ստորագրել։ Դա ինձ համար ամենակարևոր փաստաթուղթն էր, մինչև հիմա պահել եմ։
—Դուք հնարավորություն ունեիք 2 տարի ծառայել ու այլ գործով զբաղվել, իսկ հիմա պատրա՞ստ եք Ձեզ սպասվող դժվարություններին։ Երբևէ Ձեզ հարց չե՞ք տվել, թե ինչու եք այդ ուղին ընտրել։
Այո´, ես հնարավորություն ունեի երկու տարի ծառայել ու հետո տուն գնալ։ Բայց նայում եմ իմ շրջապատի մարդկանց ու մտածում, որ ես ոչ ոքից պակաս չեմ։ Սկզբի մի ամիսն էր դժվար։ Հետո ամեն ինչ կարգավորվեց։ Հիասթափություններ միշտ էլ լինում են, բայց շախմատը մի շատ լավ օրենք ունի՝ կպել ես պիտի խաղաս։ Հիմա իմ դեպքն է, հայկական ժողովրդական ասացվածքով ասած՝ պար եմ մտել, պիտի շորորամ։
—Եթե հնարավորություն ունենայիք, կհրաժարվեի՞ք զինվորականի կյանքից։
Չէ´։ Ամեն մարդ իր կյանքում պիտի ապրի այնպես, որ չափսոսա։ Եթե չլինեին այն հերոսները, որոնք իրենց կյանքով մեզ ապրելու իրավունք տվեցին, միգուցե իմ անունն Ահմեդ լիներ, Ձերն էլ Ֆաթիմա։ Այ հենց այդ գիտակցումն էր, որ ես պետք է շարունակեի նրանց ուղին։ Ես գտնում եմ, որ պետությանը կարող եմ պետքական լինել։ Ես առայժմ դուրս չեմ գա համակարգից։ Իսկ երբ թոշակի գնամ, միգուցե մտածեմ քաղաքացիական կյանք մտնելու մասին։
—Համազգեստը պարտավորեցնո՞ղ է։
Անշուշտ։ Մանավանդ ինստիտուտից դուրս։ Հենց զինվորականներն են, որ այսօրվա օրն են բոլորիս տալիս։ Շատերը բանակի մասին այլ կարծիք ունեն, բայց գյուղ չկա, որ շուն չլինի։ Այսօր իմ ընկերների ու շատ տղաների շնորհիվ մեր դիրքերն ամուր են։
—Դժգո՞հ եք բանակի նկատմամբ հասարակության վերաբերմունքից։
Մարդիկ հիմա չարացած են ու շատ բանի մասին չեն էլ մտածում։ Իսկ որ շատ բան լսում են բանակի վերաբերյալ, ակամայից մեզ էլ են վատ վերաբերվում։
—Որտե՞ղ կուզենայիք շարունակել ծառայությունը։
Արցախում, մարտական հենակետերում կուզենայի ծառայել։ Ավելի վտանգավոր վայրերում եմ ուզում լինել, քանի որ պատասխանատվությունն ավելի մեծ է։ Դիրքում, երբ մորդ հանգիստը պահում ես դու, դրանից մեծ պատասխանատվություն չկա։
—Ըստ Ձեզ՝ զինված ուժերը որտեղի՞ց է սկսվում։
Ընտանիքից։ Եթե չլիներ հայ ընտանիքը, բանակը որտեղի՞ց պետք է լիներ։ Զինծառայողները բանակի հենասյուններն են։ Այդ հազարավոր հենասյուներով էլ բանակ ենք պահում։ Ուղղակի ընտանիքում պետք է ճիշտ դաստիարակություն ստանան։ Այն ուղղությունը, որով հաստատ իր ազգին կարող է պիտանի լինել, դա զինվորական ծառայությունն է։
—Երազանքներ ունե՞ք։
Նայում եմ մեր քարտեզը, մտածում եմ, որ պետք չէ սրանով սահմանափակվել։ Մենք Արցախն արդեն վերադարձրել ենք, ժամանակն է նաև մյուս հողերի մասին մտածել։ Մեր պապերի երազանը հուսանք շուտով կիրականանա։
—Ի՞նչ կմաղթեք այն զինծառայողներին, ովքեր վերջերս են համալրել մեր զինված ուժերը։
Աչալրջություն, պարտաճանաչություն։ Պիտի անեն այնպես, որ ծառայության ու կյանքի վրա այն վատ հետևանքներ չունենա։
—Մինչև մեր զրույցը մտածե՞լ էիք, որ Դուք և զինված ուժերը նույն տարիքին եք։
Մտածում եմ, որ կարելի է հետը շփվել։ (Կատակում է) 22 տարի մեր հույսը կապել ենք իր հետ, հիմա պետք է նույն կերպ շարունակենք։ Թերություն ամեն տեղ էլ կա, բայց այն բացերը կլրացվեն։ Հաստատ լավ է լինելու։
Զրուցեց՝ Հասմիկ Մելիքսեթյանը
Նկարները՝ Սոսե Մուրադյանի
Հատուկ շնորհակալություն ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի հրամանատարությանը` շարքի պատրաստմանն աջակցելու համար: