Սիրիայում և Աֆղանստանում սպանված ադրբեջանցի զինյալները կարող են «հարություն առնել»

Վերջին շրջանում Ադրբեջանում առավել քննարկվող թեմաներից են Սիրիայում և Աֆղանստանում ադրբեջանցի մեծ քանակի զինյալների սպանության հարցը։ Ընդ որում, նրանց սպանության մասին լուրերը սկսել են տարածվել ադրբեջանական մամուլում 2013-ի վերջից։

Ադրբեջանի զինյալներ՝ Սիրիայում

Ադրբեջանի զինյալներ՝ Սիրիայում

Ինչ վերաբերում է Սիրիայում սպանվածներին, ապա դրանց վերաբերյալ տեղեկության հիմնական աղբյուրն ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունն է, որը չի նշում, թե որ ռեսուրսներից է ստացել տեղեկությունը։ Ընդ որում, ԱՊԱ-ի նման հրապարակումներին կցված սպանված զինյալների դիերի լուսանկարների գերակշիռ մասը սոցցանցային էջերում և խմբերում հայտնվել է շատ ավելի վաղ՝ մասնավորապես 2013-ի ամռան ամիսներին։ Կարևոր է նաև այն հանգամանքը, որ սպանվածների անունները հաճախ չեն էլ հիշատակվում, միայն մականուններն են նշված, այլ տվյալներ բացակայում են։

Աֆղանստանում սպանված զինյալների դեպքում միակ աղբյուրն Ինտերպոլի պաշտոնական կայքն է, որտեղ ընդամենն ամփոփված են կենսագրական տվյալներ միջազգային հետախուզման մեջ հանցագործների մասին, սակայն որևէ կերպ չի նշվում, որ նրանք սպանվել կամ մահացել են, ուստի անհասկանալի է, թե ադրբեջանական մամուլն ինչ աղբյուրից է նման բան եզրակացնում։

Ադրբեջանական կայքերից մեկը պարզաբանումների նպատակով դիմել է քաղաքագետ Իլհամ Իսմայիլին։ Վերջինիս մեկնաբանությամբ՝ Սիրիայում սպանված ադրբեջանցի զինյալների լուրերը բավականին կասկածելի են։

«Սիրիայում սպանվածները կարող են «հարություն առնել». այսինքն՝ հանցանքներ կատարած զինյալի համար շատ հարմար է, երբ իր սպանվելու մասին լուրեր են տարածում, նա կարող է որոշ ժամանակ անց կեղծ փաստաթղթերով տուն վերադառնալ ու վտանգ ներկայացնել հասարակության համար։ Իրականում, միայն մամուլում տարածված, Սիրիայում իբր սպանված ադրբեջանցիների լուսանկարները փաստ չեն նրանց առնչությամբ հարուցված քրեական գործերը փակելու համար։ Դրանք չեն փակվի, մինչ իրավապահ մարմինները չհայտնաբերեն սպանվածի գերեզմանը»,-շեշտել է Իսմայիլը։

Փաստորեն, Ադրբեջանում արդեն իսկ սկսել են կասկածանքով վերաբերել նմանատիպ լուրերին և դրանց տարածման նպատակներին։ Օրերս նաև հրապարակումներ են ի հայտ եկել, որտեղ ասվում է՝ Սիրիայում սպանվածները լիովին այլ վայրում են մահացել։ Այնուհանդերձ, այս պահի դրությամբ բավարար աղբյուրներ չկան այդպիսի պնդումների համար։

Պարզ է միայն այն հանգամանքը, որ ադրբեջանցիների արտահոսքը Սիրիա իրականություն է։ Ճիշտ է՝ հստակ վիճակագրություն այս հարցում չկա, բայց գործընթացը կասեցված չէ, քանի որ լուծված չեն Սիրիա մեկնելուն նպաստող դրդապատճառները՝ սոցիալական կարիքը, ծայրահեղ իսլամիստական գաղափարների տարածումը, առժամանակ թեմայի անտեսումն Ադրբեջանի պատկան մարմինների կողմից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *