Կենտրոնաֆրիկյան հանրապետության (ԿԱՀ) նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Քեթրին Սամբա-Պանզան դիմել է Ֆրանսիայի իշխանություններին իր երկրից ֆրանսիական զորքերը մինչև նախագահական ընտրությունները դուրս չբերելու խնդրանքով։
Ինչպես հաղորդում է AFP լրատվական գործակալությունը, ընտրությունները կայանալու են 2015-ի սկզբին։
Նկատենք, որ Սամբա-Պանզայի հայտարարությունը հնչեց Ֆրանսիայի իշխանությունների՝ Կենտրոնաֆրիկյան հանրապետությունում իրենց խաղաղապահների թիվը 2 հազարի հասցնելու վերաբերյալ որոշումից 2 օր անց։ Սակայն որոշումը դեռևս վերջնական չէ, քանի որ փետրվարի 25-ին այն դեռ պետք է ընդունի կամ մերժի Ֆրանսիայի խորհրդարանը։
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ լը Դրիանը ևս հայտարարել էր՝ ծագած «հանգամանքների հետևանքով ֆրանսիացի խաղաղապահները թերևս ավելի երկար կմնան ԿԱՀ-ում, քան սպասվում էր»։
Հիշեցնենք, որ ներկայումս ԿԱՀ-ի տարածքում կան շուրջ 1.6 հազար ֆրանցիայի զինծառայողներ։ Սկզբնական շրջանում նախատեսվում էր, որ նրանք կհեռանան 2014-ի ապրիլին։
Բացի ֆրանսիացիներից, ներկա դրությամբ ԿԱՀ-ում են նաև Աֆրիկյան միության 2.5 հազար զինծառայողներ, Եվրամիությունն էլ իր հերթին ծրագրում է ուղարկել 900 զինծառայողի։
Հավելենք, որ ժամանակին Ֆրանսիայի գաղութներից մեկը հանդիսացած Կենտրոնաֆրիկյան հանրապետությունում ներքին հակամարտությունը սկսվել է 2013-ի մարտին, երբ հեղաշրջման արդյունքում իշխանության եկան հիմնականում «Սելեքա» դաշինքի զինյալները։
Ներկայումս ԿԱՀ-ում, ըստ էության, բացակայում են իշխանության լեգիտիմ մարմինները, երկիրը միմյանց դեմ պատերազմող զինված խմբավորումների ձեռքում է, ընդ որում՝ նրանք մարտնչում են թե´ կրոնական, թե´ քաղաքական, թե´ էթնիկ նկրտումներից ելնելով։
2014-ի հունվարին նախագահ Միշել Ջոթոդիան, հասկանալով, որ ունակ չէ լուծում տալ ներքին պառակտումներին, հրաժարական տվեց, նրա ժամանակավոր պաշտոնակատար Քեթրին Սամբա-Պանզան փորձում է որոշակի քայլեր ձեռնարկել երկրում ներքին իրավիճակը շտկելու ուղղությամբ։