Lenco Industries ամերիկյան ընկերությունը հաջողությամբ ավարտել է MRAP դասի իր նոր Lenco Bear զրահամեքենայի փորձարկումները, որոնք անցկացվել են ականների պայթյունների միջոցով։ Ականները պայթեցրել են մեքենայի անմիջապես ներքևում ու կողքի մասերում։ Մեքենան հաջողությամբ դիմացել է ականների պայթյուններին։
Նոր զրահափոխադրիչը նախագծել են հատուկ զինված ուժերի կարիքների համար։ Դրանց համար հիմք են ծառայել Lenco BearCat զրահափոխադրիչները, որոնք նախատեսված են ոստիկանության ու անվտանգության ուժերի համար։
Զինված ուժերի համար նախատեսված նոր զրահամեքենան նախագծվել է V-աձև հատակով։ Նրա մեջ տեղադրված են պայթյունների հարվածային ալիքի էներգիան կլանող նստատեղեր, իսկ մեքենայի զրահը կարողանում է պաշտպանել անձնակազմը մինչև 7,62 մմ տրամաչափի փամփուշտներից։
Զրահամեքենան նախատեսված է անձնակազմի տեղափոխման համար այնպիսի վայրերում, որտեղ հակառակորդի զինված ստորաբաժանումները կարող են կիրառել ինքնաշեն պայթուցիկ սարքեր։ Մեքենան ունի 4×4 ընթացամաս ու 300 ձիաուժանոց շարժիչ, կարողանում է զարգացնել մինչև 120 կմ/ժ արագություն։ Տեղափոխում է մինչև 12 դեսանտային։
Մեքենան MRAP (Mine-Resistant Ambush Protected – Ականային պայթյուններից ու դարանից հարձակումներից պաշտպանված) զրահապատ մեքենաների դասի է։ Այս զրահապատ մեքենաները հիմնականում նախատեսված են զինված խմբավորումների դեմ մարտերի համար։ Զրահամեքենաների հիմնական առանձնահատկությունը V-աձև հատակն է։
Հատակի նման կառուցվածքի շնորհիվ ականի պայթյունի դեպքում հարվածային ալիքը հատակի ներքևի հատվածում կիսվում է երկու մասի ու բաժանվում՝ նվազեցնելով ուժգնությունը ու թեքելով ուղղությունը։ Արդյունքում հարվածային ալիքի ազդեցությունը մեքենայի վրա թույլ է լինում, ու այն պահպանում է աշխատունակությունը։
Սովորաբար այս դասի զրահամեքենաների մեջ տեղադրված են լինում պայթյունների հարվածային ալիքի էներգիան կլանող նստատեղեր, որպեսզի մեքենաների տակ ականների պայթյունների դեպքում մեքենայի անձնակազմը մնա անվնաս։