Իրանը չի բացառում, որ իր զորքերը կներխուժեն Պակիստան ու Աֆղանստան

Իրանի ներքին գործերի նախարար Ռահմանի Ֆազլին հայտարարել է՝ Իրանի զորքերը շատ հավանական է ներխուժեն Պակիստանի և Աֆղանստանի տարածք՝ գերությունից ազատելու իրանական վարկածով փետրվարի 7-ին Պակիստանի տարածքում մինչ այդ անհայտ «Ջաիշ ալ Ադլը» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից առևանգված իրանցի սահմանապահներին։

Նախարարի ելույթը տարածել են թե´ արևմտյան, այդ թվում՝ AP լրատվական գործակալությունը, թե´ ռուսական լրատվամիջոցները։

«Թեհրանը բազմիցս դիմել է Իսլամաբադին ու Քաբուլին՝ իրավիճակն արագ շտկելու, իրանցի 5 սահմանապահներին հետ վերադարձնելու խնդրանքով, սակայն մինչև օրս Պակիստանի և Աֆղանստանի իշխանությունները չեն արձագանքել։ Նրանց կողմից համապատասխան քայլեր չձեռնարկելու պայմաններում Իրանը սեփական նախաձեռնությամբ իր զորքերը կուղարկի սպառնալիք ներկայացնող տարածք, որպեսզի կարողանա անվտանգության գոտի ստեղծել»,-հավաստիացրել է նախարարը։

Նկատենք, որ Իրանի, Պակիստանի ու Աֆղանստանի սահմանն անապատային տեղանք է, որտեղ շատ քիչ բնակչություն կա, հիմնականում այս երեք պետությունների իշխանությունը չճանաչող քոչվոր ցեղախմբեր են։

Հիշեցնենք, որ  Պակիստանի հետ սահմանամերձ Սարավան քաղաքի մոտ իրանական կողմի բնորոշմամբ «անհայտ զինված անձինք» փետրվարի 7-ին կրակել էին իրանցի սահմանապահների ուղղությամբ, վիրավորել 5-ին, սպանել էին 14-ին, 5 սահմանապահ էլ գերի էր ընկել։

Պակիստանի՝ Իրանի հետ սահմանակից արևմտյան հատվածը հայտնի է նրանով, որ «Թալիբան» ահաբեկչական խմբավորման զինյալների համար պատսպարան է ծառայում։ Նրանք պարբերաբար ահաբեկչություններ են իրականացնում թե´ Պակիստանի, թե´ հարևան երկրների տարածքում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *