ԱՄՆ բանակը 7000 պլանշետ է գնել Samsung-ից

ԱՄՆ բանակի հրամանատարությունը գնել է Samsung ընկերության արտադրած 7 000 պլանշետ, որոնցով համալրվելու են զինված ուժերի զինծառայողները։ Բացի այդ, շրջանառվում է տեղեկություն, որ նույն ընկերությունը կարող է պլանշետներ մատակարարել նաև ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությանը։ Այս մասին հաղորդում է ամերիկյան Defense News ռազմական լրատվակայքը։

Ամերիկացի զինծառայողը Nett Warrior համակարգի պլանշետով

Ամերիկացի զինծառայողը Nett Warrior համակարգի պլանշետով

Հայտնի է, որ ԱՄՆ բանակին մատակարարված պլանշետները քաղաքացիական օգտագործման Samsung Galaxy Note II մոդելի ձևափոխված տարբերակն են, որը տեխնիկապես մնացել է նույնը, սակայն աշխատում է բոլորովին այլ օպերացիոն համակարգով։ Ինչպես հայտնել է ԱՄՆ բանակի կոմերցիոն և էլեկտրոնային ինտեգրման պատասխանատու Ռիք Ուոլշը, դրանցում տեղադրված է Android օպերացիոն համակարգի հատուկ տարբերակ, որը բացառում է կոմունիկացիոն բոլոր հնարավորությունները՝ ներառյալ 3G, Wi-Fi և Bluetooth տեխնոլոգիաները։ Այս կերպ փորձ է արվել բացառել տեղեկատվության արտահոսքը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կապը պլանշետների միջև ապահովելու են՝ դրանց միացնելով Rifleman Radio ռացիաները։ Ըստ էության, պլանշետները հիմնականում ունենալու են տեղեկատվական վահանակի դեր, որի վրա արտացոլվելու է ջոկատի բոլոր զինծառայողների դիրքն էլեկտրոնային քարտեզի վրա։ Նույն տեղեկատվությունն ուղարկվելու է նաև օպերատիվ հրամանատարությանը։

Հավելենք, որ ԱՄՆ բանակի կարիքների համար պլանշետների կիրառումն իրականացվում է Nett Warrior համակարգի շրջանակներոմ, որի նպատակն է ինտերակտիվ տեխնոլոգիաների շնորհիվ բարձրացնել զորքերի կառավարման օպերատիվության աստիճանն, ինչպես նաև հրամանատարական կետ հաղորդել տեղեկություններ ռազմական գործողության մասնակից յուրաքանչյուր զինծառայողի կոորդինատների և կարգավիճակի մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *